Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Դպրոցից սկսած երեխաները անպատասխանատվություն են սովորում: Ու սա «ժառանգական» փոխանցվում է, հատուկ մեկը չկա, որ սա սովորեցնում է, բայց այս խնդրի անտեսմամբ անպատասխանատուների հաջորդ սերունդն է դաստիարակվում:
Ասենք, չարություն են անում, ինչ-որ մեկը կամ քանիսը ապակի են ջարդում: Գալիս է ուսուցիչը կամ պարեկը (էական չէ): Ո՞վ է արել: Ձայն չկա: Անողը պատասխանատվություն չի ուզում կրել իր արարքների հետևանքների համար: Եվ որպեսզի ապահովագրի իրեն, նախապես ավելի փոքր դրվագներով հասակակիցներին կամ իրենից փոքրերին սովորեցրել է՝ «ով մյուսի արարքի վերաբերյալ երրորդին բան ասի՝ խաբար բզիկ է, իսկ սա շատ վատ է, ոչ ոք չպիտի նրա հետ խաղա և նա պետք է մեկուսացվի»: Սա մեղմ եմ գրում՝ հոգեբանական ճնշումն ավելի սուր դրսևորումներ ունի:
Երեխային դպրոցում և տանը պարտավոր ենք սովորեցնել հետևյալը. Քո արարքների համար պետք է պատասխանատվություն կրես: Ինչ որ բան ջարդել ես, պիտի ասես, որ դու ես արել, չթողնես, որ ընկերներդ վատ վիճակի մեջ ընկնեն. Ինչ-որ մեկին նեղացրել ես, պարտավոր ես արարքիդ համար պատասխանատվություն կրել, եթե անարդար ես եղել, պիտի իմանաս, որ քեզ էլ ուրիշն իրավունք ունի նեղացնելու: Եվ այսպես շարունակ:
Երեխան պիտի սովորի արարքների համար պատասխանատվություն կրել շատ փոքր տարիքից: Ինչ-որ բան կոտրել ես, ինչ-որ բան փչացրել ես, արգելված բան ես արել, նեղացրել ես ինչ-որ մեկին, պիտի իմանաս, որ դա հետևանք ունի և չպիտի դա թողնես ուրիշների վրա: Եվ պարտավոր ենք բացատրել, որ լռելն ու ուրիշների վրա արարքիդ հետևանքները թողնելը անպատասխանատվություն է, և սա է վատը լինելը, այլ ոչ թե ճիշտն ասելը:
Սա բացատրելուց հետո, պարտավոր ենք երեխային բացատրել, որ պետք է արդար լինել: Սա ավելի դժվար է, բայց պարտավոր ենք սա էլ անել:
Եթե սա բոլոր ընտանիքներում սովորեցնեն, երկրում, և՛ կառավարման որակը, և՛ հանցագործությունների թիվը, և՛ կյանքի որակը նշանակալի փոխվելու է: Եթե պատճառահետևանքային կապերը ուշադիր վեր հանեք, կտեսնեք, որ հանրային կյանքի գրեթե բոլոր դրվագներում վատ դրսևորումները վերոնշյալ արատի հիմքով են ի հայտ գալիս: Կոռուպցիոն բոլոր տեսակի դրսևորումները սրա հետևանք են, հանցագործությունների մեծ մասը սրա հետևանք են, պետական հարաբերություններում քո արարքների պատասխանատվությունից խուսափումը սրա հետևանք է (վառ օրինակ՝ պատերազմ, զոհեր, տարածքների կորուստ, պատասխանատվություն կրող չկա):
Հատուկ բան չկա: Ուղղակի երեխաների վրա եմ զայրացել: Այն ինչ ինձ թվում էր ես կառավարում եմ, պարզվում է եկել իմ տուն է արդեն մտել, ու ես «էշի ականջում քնած» եմ: Վերոնշյալ արատի դեմը առնեք, պետությանը և ձեր սերունդներին մեծ լավություն արած կլինեք: Բոլոր հանրությունները այսպիսի վարքագծային արատները վերացնելով են ավելի որակյալ հանրույթ և պետություն կառուցում: Մի զլացեք, զբաղվեք ձեր երեխաներով»: