«Հերացի» վերլուծականն ամփոփել է ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրներում ինքնագլոր վարելու հետևանքով գրանցված վնասվածքները։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ռեկտոր ԵՊԲՀ Արմեն Մուրադյանը։
Ինչպես արդեն անդրադարձել ենք, ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված ռազմավարական գործքներից է, ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների մշտադիտրակման, այդ թվում՝ վնասվածքների ստացմանը կամ դրանց բացակայությանը նպաստող գործոնների բացահայտմանն ուղղված կանոնավոր գործող համակարգի (ռեգիստրի) առկայությունը:
«Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է ինքնագլոր և այլ նմանատիպ փոխադրամիջոցներ վարելու հետ փոխկապակցված պատահարների հետևանքով ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց վնասվածքով դիմած անձանց վիճակագրությունը, որը հնարավորությու է տալիս ընդհանուր պատկերացում ստանալ խնդրի արդիականության և որոշ առանձնահատկությունների մասին: Այսպես, սույն թվականի մարտի 1-ից մինչև հուլիսը 1-ը ընկած ժամանակահատվածում, հիվանդանոցային համալիրի մասնագետները բժշկական օգնություն և սպասարկում են ցուցաբերել 38 մարդու՝ հավասարաչափ արական և իգական սեռի ներկայացուցիչների:
Ինչպես Եվրոպական տարածաշրջանի այլ պետություններում, մեզ մոտ ևս տուժածների մեծամասնությունը՝ 95%-ը եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտներ, որոնք տուժել են ինքնագլորի հետ բախվելու հետևանքով: Հիվանդանոց դիմած բոլոր տուժածնրը, այդ թվում նաև փոխադրամիջոները վարող անձինք եղել են չափահաս, մեծամասնությունը՝ 68%-ը, 18-30, իսկ 32%-ը 30 և բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներ:
Կարևոր նշանակություն ունի վնասվածքների բնույթի նկարագիրը, համաձայն որի տուժածների 24%-ի մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ, իսկ մնացած 76%-ի մոտ տարբեր աստիճանի վնասվածքներ, սակայն առանց կոտրվածքի: Հոսպիտալացում պահանջվել է 2 դեպքում, մնացած բոլորը ստացել են ամբուլատոր բժշկական օգնություն և չեն հոսպիտալացվել: Վերոնշյալ տվյալները, որոնք ներկայացնում են միայն մեկ հիվանդանոցային համալիրում գրանցված դեպքերը, ակնհայտորեն վկայում են ինքնագլորների վարելու հետևանքով առաջացող էական առողջապահական խնդիրների մասին, որոնք կարիք ունեն կարգավորման, ինչպես օրենսդրական, այնպես էլ ենթաօրենսդրական մակարդակներում: