Ես գիտեմ, թե ինչն էր լավ, և ինչում եմ, գուցե, թերացել. asekose.am
Advertisement 1000 x 90

Ես գիտեմ, թե ինչն էր լավ, և ինչում եմ, գուցե, թերացել. asekose.am

Արմնյուզ հեռուստաընկերության «Առաջին ծրագրի» հաղորդավարուհի Արփի Մայիլյանը Asekose.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է հայտնվել հեռուստաեթերում, ինչ ճանապարհ է անցել և ինչպես է հաղթահարել ուղիղ եթերում ներկայանալու բարդույթը:

-Արփի, մի փոքր պատմեք Ձեր մասին, ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք հեռուստատեսությունում:

-Սովորում եմ Վ. Բրյուսովի անվ. լեզվահասարակագիտական համալսարանում, առաջին մասնագիտությունս թարգմանչական գործն է, և որքանով որ դրանում ներգրավված եմ և ամեն օր փորձում եմ էլ ավելի մասնագիտանալ և ձեռք բերել հմտություններ, այնուամենայնիվ, հեռուստատեսությունում աշխատելը միշտ եղել է նպատակներիս շրջանակում: Սակայն մինչ այս ոլորտ մուտք գործելը, կարևոր եմ համարել որոշակիորեն պատրաստված լինել. հաճախել եմ հեռուտալրագրողական կուրսերի, իսկ ապա էլ ավելի շատ գիտելիքներ և հմտություններ ձեռք եմ բերել Արմինե Նալբանդյանի մոտ անհատական կուրս անցնելուց հետո: Մարդ, ով բացի կայուն գիտելիքներ տալուց, նախ և առաջ հոգեբանորեն է քեզ պատրաստում կյանքի մի նոր փուլի, որը կոչվում է հեռուստատեսային աշխարհ: Հետևաբար` հեռուստատեսությունում հայտնվելս ոչ այդքան պատահական էր: Առաջին լուրջ քայլը Արմնյուզ հեռուստաընկերության «Աստեղային ժամ» իրապատում հաղորդման սցենարիստ, խմբագրի աշխատանքն էր: Իմ մտերիմ ընկեր, պրոդյուսեր Գրիգոր Հովհաննիսյանն ինձ առաջարկեց ստանձնել այդ աշխատանքը։ Հաջորդ առաջարկը հենց «Առաջին ծրագրի» համար «Վիրտուալ իրականություն» էջը վարելն էր։ Ամռանը առաջարկ եղավ բեմականացված համերգային ծրագիր վարելու, որի նաև սցենարային մասի հեղինակները ես և Գրիգորն էինք, մարդ, ով, ինչպես արդեն նշեցի, իմ առաջին քայլերից ի վեր կողքիս է, որպես լավագույն ուսուցիչ և խորհրդատու: Այս աշխատանքները հեռուստատեսային ոլորտում մեծ փորձ տվեցին ինձ: Իսկ ահա 2016 թվականի դեկետեմբեր ամսից սկսեցի վարել «Առաջին ծրագիրը»:

-Ինչպիսի՞ն էին արձագանքներն առաջին եթերից հետո:

Ես միշտ այն կարծիքին եմ, որ ցանկացած առաջին արված բան, այս դեպքում իմ` ուղիղ եթեր դուրս գալը, շատ հնարավոր է և անգամ պարտադիր է, որ ունենա իր և՛ դրական, և՛ բացասական արձագանքները: Եթե կարծիքները միանշանակ նույնն են լինում, ուրեմն աշխատանքիդ կողքով անտարբեր են անցել մարդիկ, իսկ դա արդեն իսկ ոգևորող չէ: Դրական կարծիքներ շատ եմ լսել, ենթադրում եմ, որ բացասական ևս եղել է: Համենայն դեպս, մարդը միայն քննադատվելու և արդյունքում էլ ավելի հղկված ներկայանալու դեպքում է արդյունքի հասնում:

-Դուք ինչպե՞ս կգնահատեք ձեզ առաջին եթերից հետո:

​-Ես գիտեմ, թե ինչն էր լավ, և ինչում եմ, գուցե, թերացել, և սա բավական է, որ ինքս իմ մեջ գնահատեմ արդյունքը: Մնացածը թողնում եմ հեռուստադիտողի կարծիքին և հուսով եմ, որ նույնքան անկեղծ կլինի հեռուստադիտողը՝ իր գնահատականը տալու մեջ:

Ամբողջությամբ՝ asekose.am



Նման նյութեր