«Հերթական ուսապարկն է էլի, ասել են դիմի դատարան, դիմել է». Իշխան Սաղաթելյանը Երեւանի քաղաքապետի մասին
Advertisement 1000 x 90

«Հերթական ուսապարկն է էլի, ասել են դիմի դատարան, դիմել է». Իշխան Սաղաթելյանը Երեւանի քաղաքապետի մասին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ  Իշխան Սաղաթելյանը լուրջ չի վերաբերում Երեւանի քաղաքապետի` իրեն դատի տալու հարցին: NEWS.am-ի հետ զրույցում Սաղաթելյանն ասաց, որ սա որեւէ կերպ չի ազդելու հետագայում հանրահավաքներ անցկացնելու վրա:

«Հերթական ուսապարկն է էլի, ասել են` դիմի դատարան, դիմել է: Ինձ համար ակնհայտ է, որ իրենք ժողովրդի դիմադրությունը կոտրելու, մեզ հետապնդելու, հայ մարդուն սպանելու, մարդկանց բանտարկելու համար թուրքերից խրախուսանքի եւ պարգեւավճարի են արժանանում, բայց իրենց կողմից այլեւս որեւէ քայլ ու գործողություն  ոչ զարմացնում է, ոչ էլ զայրացնում է։ Մենք ունենք մի խնդիր` երկրին սպառնացող վտանգները լիարժեք ժողովրդին բացատրել, ոտքի հանենք ու այս չարիքի կառավարությանը հեռացնենք: Անիմաստ է դրանց քայլերի, գործողությունների վրա ժամանակ ծախսել կամ մեկնաբանել»,- ասաց նա:

Սաղաթելյանը շեշտեց, որ այս  հանգամանքը բացարձակ չի ազդելու իրենց մարտավարության վրա, իրենք  կշարունակեն հանրահավաքներ անցկացնել:

«Մի գործ ավել, մի գործ պակաս, ընդհանրապես որեւէ ձեւով մեզ չեն կարող իրենց ապօրինի քայլերով եւ գործողություններով հետ պահեն, կամ ինչ-որ մի ձեւ կաշկանդեն, բացառվում է: Ինչ կարող են՝ թող անեն, բայց թող հիշեն, որ պատասխան են տալու: Ու ընդհանրապես, ինքը ի՞նչ քաղաքապետ, ինքը տեղապահ է ժամանակավոր, մինչեւ  ինչ-որ մեկին բերեն տեղը, ուսապարկի կարգավիճակով  ինչ-որ մեկն է, ինչ-որ մի բան է արել, ուշադրություն չենք դարձնում»,- հավելեց նա:

Սաղաթելյանը հայտնեց նաեւ, որ ինքն այս գործով դեռ ծանուցում չի ստացել եւ տեղյակ չի` թե որ հանրահավաքի մասին է խոսքը. «Որ օրը որ հրապարակում, ինչ ժամի որ պետք լինի եւ հանրահավաք ենք անելու, եւ անհնազանդության ակցիաներ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետը դիմել է դատարան Իշխան Սաղաթելյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Ըստ հայցադիմումի` Իշխան Սաղաթելյանը առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք է անցկացրել: