Սթենֆորդի համալսարանի ղեկավարությունը քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն հրամանագիրը, որով ժամանակավորապես արգելվում է մուսուլմանական յոթ երկրների քաղաքացիների, ինչպես նաև փախստականների մուտքը երկիր:
«Քաղաքականությունը, որը սահմանափակում է մարդկանց ու գաղափարների անդրսահմանային զանգվածային տեղաշարժը կամ մարդկանց մուտքի արգելք է սահմանում կրոնական կամ էթնիկական հատկանիշով, խորապես անհամատեղելի է մեր առաքելության և մեր արժեքների հետ»,- ասված է հայտարարության մեջ, որն ստորագրվել է համալսարանի նախագահի և պրոռեկտորների կողմից:
Ինչպես նշում են ամերիկյան ԶԼՄ-ները, Միացյալ Նահանգների խոշորագույն ընկերությունների, ներառյալ Google-ի և Starbucks-ի, Netflix-ի և SpaceX-ի թոփ-մենեջերները, անհանգստություն են հայտնել միգրացիոն ոլորտում ԱՄՆ-ի նախագահի կողմից կիրառված սահմանափակումների կապակցությամբ:
Սոցցանցերում ընկերությունների ղեկավարները հիշեցնում են, որ ամերիկյան կորպորացիաներից շատերն ստեղծվել են ամենատարբեր երկրներից ժամանակ միգրանտների ու նրանց երեխաների կողմից, իսկ ներկայում կախված են նրանց աշխատանքից:
Հազարավոր ամերիկացի գիտնականներ, ներառյալ Նոբելյան մրցանակի գրեթե երեք տասնյակ դափնեկիրներ, ստորագրել են Թրամփին հասցեագրված բաց նամակի տակ՝ կոչ անելով վերանայել արգելքները, որոնք «արմատապես հակասում են Միացյալ Նահանգների հիմնարար սկզբունքներին»:
Google-ի գլխավոր գործադիր տնօրեն Սունդարա Փիչային հայտնել է, որ նախագահի հրամանագրի պատճառով կարող են տուժել ընկերության առնվազն 187 աշխատակիցներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: