ԱՄՆ ներգաղթի մասին օրենքն արգելում է դեսպանատանը մանրամասներ տրամադրել վիզայի կոնկրետ գործերի վերաբերյալ: Վիզաների մասին հանրայնորեն հասանելի վիճակագրությանը կարելի է ծանոթանալ՝ այցելելով travel.state.gov կայքը: Այս մասին Tert.am–ին հայտնեց ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանը` ի պատասխան գրավոր հարցման, թե որքանով է իրականությանը համապատասխանում մամուլի տեղեկությունը («Ժողովուրդ» օրաթերթ), թե 34 անձ կեղծված փաստաթղթերով երգի համույթի անվան տակ մեկնել է ԱՄՆ ու չի վերադարձել, դիմե՞լ է արդյոք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը այս հարցով իրավապահ մարմիններին և կա՞ վերջին տարիների վիճակագրություն, թե մուտքի վիզա ստացած ՀՀ քաղաքացիների քանի տոկոսը չի վերադառնում :
Նշենք, որ travel.state.gov կայքում հունվարի 27 ամիս-ամսաթվով տեղադրված ԱՄՆ վիզա ստանալուն վերաբերող տեղեկատվության մեջ նշվում է, որ կարևոր փոփոխություններ են կատարվել ԱՄՆ մուտքի արտոնագրի տրամադրմանը վերաբերող օրենքներում, դիմումի ընթացակարգերում:
Ինչպես տեղեկանում ենք «Հրատապ ծանուցում»-ից, Վարչակազմի կողմից 2017թ. հունվարի 27-ին հրապարակված ԱՄՆ քաղաքացիներին օտարերկրացիների ահաբեկչական գործողություններից պաշտպանելու վերաբերյալ սույն հրամանով ժամանակավորապես դադարեցվել է վիզաների տրամադրումը Իրաքի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիներին: Կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակումից անմիջապես հետո և վավերական մինչև հաջորդ ծանուցման հրապարակումը:
Ծանուցվում է, որ եթե անձը նշված երկրներից որևէ մեկի քաղաքացի է, ապա առաջարկվում է նշված ժամկետներում չծրագրել վիզայի համար ԱՄՆ դեսպանատուն դիմելու որևէ ընթացակարգ:
Հնարավոր փոփոխությունների դեպքում կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն: