«Էմմիի» մրցանակակիր ամերիկահայ ռեժիսոր, դերասան Մայքլ Գուրջյանի եւ պրոդյուսեր Արման Նշանյանի «Ամերիկացի» ֆիլմն այս տարի բացեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։ ֆիլմը PEOPLE OF AR Productions-ի արտադրանքն է, որի հիմնադիրը հենց Արման Նշանյանն է: Պատմության գլխավոր հերոսին մարմնավորում է Մայքլ Գուրջյանը, առանցքային դերում կտեսնեք նաեւ Netflix-ի ամենաաղմկահարույց սերիալներից մեկի՝ «Թղթե տան» (La Casa de Papel) հայտնի կերպարին՝ Բոգոտային մարմնավորող մեր հայրենակցին՝ դերասան Հովիկ Կեուչկերյանին։ Դերասանը զբաղվածության պատճառով չի կարողացել ներկա լինել Երեւանում կայացած ֆիլմի պրեմիերային, դեռեւս չի դիտել այն, բայց NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում վերհիշել է նկարահանման գործընթացը, առաջին անգամ Հայաստան կատարած իր կարեւոր այցը, ինչպես նաեւ՝ խոսել «Թղթե տունը» սերիալի շնորհիվ ձեռք բերած հաջողության ու նոր նախագծերի մասին, որոնցում ընդգրկված է։
«Իրականում, շատ եմ տխրել, որ չկարողացա ներկա լինել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին։ Այո, դեռեւս չեմ դիտել ֆիլմը, քանի որ շատ եմ ցանկանում այն դիտել մեծ էկրանին՝ ֆիլմի հեղինակների ու անձնակազմի հետ»,-նշեց դերասանը։
Հովիկ Կեուչկերյանը ֆիլմում մարմնավորում է Տիգրանին։ Նրա կերպարը մշտապես փորձում է օգնել գլխավոր հերոսին, եւ Հովիկին գրավել է հենց դրական հատկանիշներով, սակայն դերասանը խոստովանեց, որ տվյալ կերպարն իր համար կարեւոր է եղել նաեւ մի շարք այլ գործոններով պայմանավորված․
«Ինձ համար դա միայն կերպարը կերտելու հարց չէր, այս ֆիլմն ավելին էր։ Դրա շնորհիվ ես առաջին անգամ եղա Հայաստանում, զգացի Հայաստանն իմ արյամբ ու հոգով։ Ինձ համար շատ կարեւոր էր լինել հորս հողում՝ իմ հողում։ Ինչ վերաբերում է կերպարիս, նա շատ ուժեղ է, լավ հարաբերություններ ունի գլխավոր հերոսների հետ, ու ինչ-որ տեղ նաեւ կարողանում է հուզել»։
Ամբողջությամբ՝ style.news.am