Աշխատանքը, առօրյա պարտականությունները, ընտանիքը և ընկերները մեր կյանքի մեծ մասն են կազմում: Նյույորքյան վազվզոցի մեջ մենք հաճախ անցնում ենք մշակութային վայրերի կողքին՝ չհասցնելով անգամ հայացք նետել դրանց ուղղությամբ: Լրացնելու համար այդ բացը առաջարկում ենք մեկ վայրկյան կանգ առնել, խորը շունչ քաշել, մոռանալ կիսատ մնացած գործերի մասին և հանգստյան օրերին գոնե մի քանի ժամ անցկացնել արվեստի գրկում:
168.am-ն իր ընթերցողի համար առանձնացրել է մի քանի տարբերակ, որոնք կօգնեն բովանդակալից օր անցկացնել միայնակ կամ սիրելիների ընկերակցությամբ:
Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայկական իմպրեսիոնիզմ
Առաջին անգամ մեկ հարկի տակ են հավաքվել հայկական իմպրեսիոնիզմի հսկաները: Հանգստյան օրվա մի քանի ժամն Ազգային պատկերասարհում անցկացնելով՝ կտեսնեք 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող երկու տասնյակ հեղինակների 70-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ։ Ցուցադրության առանցքն են կազմում անվանի արվեստագետներ Գևորգ Բաշինջաղյանի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի, Երվանդ Քոչարի անզուգական ստեղծագործությունները։
Ժամանակակից արվեստի թանգարանը նշում է 50-ամյակը
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50 և Հենրիկ Իգիթյանի ծննդյան 90-ամյա հոբելյանների շրջանակում բացառիկ ցուցադրություն է գործում Երևանում: Հանրապետության հրապարակի ԱԳՆ նախկին շենքում ներկայացված են թանգարանի հավաքածուից երբևէ չցուցադրված 150 հեղինակի 300-ից ավելի ստեղծագործություններ: Ժանսեմ, Կազազ, Գայանե և Մինաս Ավետիսյան: Երկու հարկերում ցուցադրված ստեղծագործությունները հպարտությամբ կլցնեն Ձեր սիրտը և խորին հարգանքով մաեստրո Հենրիկ Իգիթյանի նկատմամբ՝ իր արած նախադեպը չունեցող և հերոսական քայլի համար:
Հայաստանի պատմության թանգարան, «Ռեմինիսցենցիա»
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ, Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցությամբ, ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների դեսպանության և Նիդերալանդներում Մոնդրիան հիմնադրամի աջակցությամբ, 2022թ.-ի հուլիսի 14-ից սեպտեմբերի 14-ը Հայաստանի պատմության թանգարանում կկայանա հոլանդացի անվանի փորագրանկարիչ, վիմագրության վարպետ, «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի Առաջին մրցանակակիր՝ Հերման Նորդերմեերի «Ռեմինիսցենցիա» առաջին անհատական ցուցադրությունը Հայաստանում։
Անի Գաբուզյան