Ամերիկաբնակ հայազգի հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանը հուլիսի 23-ին՝ Լոս Անջելեսում կայացած Area Emmy 74-րդ մրցանակաբաշխության ժամանակ, արժանացել է մրցանակի։ Հայտնի լրագրողը հաղթող է ճանաչվել Human Interest News Story (Մարդկային հետաքրքիր պատմություն) անվանակարգում՝ իր A Doll Like Me («Ինձ նման տիկնիկ») ռեպորտաժի համար։ Արաքսյայի ռեպորտաժը պատմում է մի կնոջ մասին, ով յուրահատուկ ներգործություն ունի ֆիզիկական եւ մտավոր առանձնահատկություններ ունեցող երեխաների կյանքում, քանի որ հատուկ նրանց համար ստեղծում է իրենց իսկ յուրահատկությամբ տիկներիներ։
Արաքսյան Instagram-ի իր էջում կիսվել է մի քանի հրապարակմամբ, որոնցում անդրադարձել է իր նոր հաղթանակին․
«Շնորհակալ եմ բոլորիդ՝ լավ խոսքերի ու բարի մաղթանքների համար։ Յուրաքանչյուր աշխատանքի ետեւում կանգնած է թիմ․ ես միայնակ այս ամենին չէի հասնի, ու շնորհակալ եմ Fox հեռուստաալիքի իմ թիմին»։
Անդրադառնալով իր ռեպորտաժին՝ հաղորդավարուհին նշել է, որ իր հերոսուհուն գտել է Instagram-ի միջոցով, ու շեշտել, որ նման լուսավոր պատմությունները պետք է լուսաբանվեն եւ վարակեն աշխարհն իրենց լույսով։
Հաղորդավարուհին նաեւ տեսանյութ է հրապարակել արարողությունից ու շնորհակալություն հայտնել իր ռեպորտաժի հերոսուհուն՝ Էմի Ջանդրիշեւիցին, եւ իր խմբագրին՝ Չարլի Հիքմանին՝ իր պատկերացումներն իրականություն դարձնելու համար։
«Ինձ համար մեծ պատիվ է այսքան տաղանդավոր լրագրողների կողքին լինել այսպիսի անվանակարգում։
Անկեղծ ասած՝ չէի սպասում, որ հենց իմ պատմությունը կհաղթեր, ու նախապես ոչ մի խոսք չէի գրել, բայց այսպիսի պահերը լավագույնն են։ Շնորհակալ եմ քեզ` Էմի Ջանդրիշեվից, որ ինձ հետ կիսեցիր քո պատմությունը։ Դու այնքան շատ երեխաների կյանքեր ես փոխում՝ տալով նրանց այն, ինչը կապված է իրենց հետ եւ ժպիտ է առաջացնում։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է այնքան բախտավոր լինի, որ կարողանա նման ձեւով փոխհատուցվել»,-գրել է նա։
Սա Արաքսյա Կարապետյանի արդեն երկրորդ «Էմմի» մրցանակն է։
Տեսանյութը՝ այստեղ