Սիրելի ընկերներ և համախոհներ։
Հաշվի առնելով, որ ես աշխատում եմ լինել առավել թափանցիկ, տեղեկացնում եմ, որ մոտ մեկ ամիս առաջ ստացել եմ ծանուցագիր, 2022 թվականի օգոստոսի 1-ից եռամսյա վարժական հավաքի մեկնելու մասին։ Ընդ որում, համապատասխան ծանուցումը ստացա հաշված օրեր անց, երբ հրապարակայնորեն տեղեկացրի, որ պատրաստվում եմ հուլիսի 1-ից առավել ակտուալ քաղաքական իրադարձությունների կապակցությամբ սոցիալական ցանցերում մշտական լայվեր անցկացնել, ինչպես նաև այդ օրերին կազմակերպեցինք մի հատ բավական բովանդակալից հրապարակային քաղաքական քննարկում։ Ընդ որում, զինկոմիսարիատ ներակայանալուց որոշ ժամանակ անց իմ համապատասխան աղբյուրներից տեղեկացա, որ ինձ «հայտնաբերելու» համար չգիտես, թե ինչու գործի էր դրվել ԱԱԾ-ն, այն պարագայում, երբ այս քաղաքում ամեն երկրորդը գիտի իմ գտնվելու վայրի մասին, ու ես էլ զինկոմիսարիատից առաջին իսկ բանավոր զանգից հետո ինքս գնացել եմ և իմ ձեռքով վերցրել համապատասխան ծանուցագիրը։ Հավանաբար ԱԱԾ-ին գործին կցելը նպատակ ուներ այդ պատրվակով փորձել եւս մեկ անգամ իմ առօրյա հանդիպումների մասին լրացուցիչ տեղեկատվություն հավաքել։ Ինչևէ, հոյակապ հասկանում եմ, որ ինձ եռամսյա վարժական հավաքներին կանչելը որևէ աղերս չունի Հայաստանի Հանրապետության պաշտպանողականության բարձրացման հետ, և ուղիղ կապված է այս իշխանությունների դեմ իմ հասարակական-քաղաքական գործունեության հետ, և ժողովրդական լեզվով ասած՝ հաշվեհարդարի շարքային փորձ է։ Երկրի ինչ պաշտպանողականության բարձրացման մասին կարող է խոսք գնալ, երբ գործ ունենք մի իշխանության հետ, որը Արցախը հասցրեց անկման, իսկ Հայոց բանակը, որպես ռազմաքաղաքական միավոր՝ բնաջնջման, որը երկար ամիսներ խուսափում էր երկրում նշանակել Գենշտաբի պետ, իսկ որի նշանակած պաշտպանության նախարարը ավելի շատ զբաղված է այս կամ այն տրամաչափի ընտրությունում իր թիմակիցների նախընտրական գործընթացներին մասնակցելով, քան թե իր ուղղակի պարտականությունների կատարմամբ։ Ընդ որում, այս իշխանությունների ներկայացուցչները այդպես էլ հստակ չեն էլ նշում, թե ըստ իրենց Հայաստանի որ սահմաններն են ենթակա պաշտպանության, եւ արդյոք իրենց իրական նպատակ սահմանների պաշտպանությունն է, թե պաշտպանության իմիտացիան, արանքում մերթ ընդ մերթ այս կամ այն տարածքը փաստացի զիջելը, թեկուզ և «իրական սահմանները դեռ որոշված չեն», «բացում ենք խաղաղության դարաշրջան» հայտարարությունների ներքո։ Ընդ որում, մինչ օրս նաև անհայտ է մնում, եթե ինչ որոշում է կայացված այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» մասով, և արդյոք դրանք չեն հանձնվելու բախումների բեմադրմամբ և արանքում որոշակի հայ զինվորականներ զոհաբերելու գնով։ Ընդ որում, այդ մեխանիզմի կիրառման փորձը կա, երբ Շուշիի արդյունավետ պաշտպանությունը փաստացի տապալելուց և քաղաքը հակառակորդին անցնելուց հետո հարյուրավոր զինվորականների կյանքը զոհաբերվեց իբրև թե քաղաքը հետ բերելու փորձի համար։ Ընդ որում, այն որ այս վարժական հավաքներին ակտիվ հակաիշխանականներին ներգրավումը իշխանությունները փորձում են վարածել պատժի տեսակի, շատ հրապարակային ու բառացի հայտարարել են հենց իրենք, Պաշտպանության անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի և Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի շուրթերով՝ առաջարկելով այս իշխանությունների դեմ դուրս եկած անձանց «ուղարկել սահման»։ Ընդ որում ներկայումս Անդրանիկ Քոչարյանն հայտարարելով, որ «հայրենիքի պաշտպանությանը բոլորը պիտի մասնակցեն», այդպես էլ մինչ օրս հասարակությանը չի ցանկանում տեղեկացնել, թե ըստ ԶԼՄ-ների տեղկությունների ինչու է իր որդին կարողացել խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից։ Այսպիսով հենց այս իշխանության ներկայացուցիչներն են բավականին անկեղծ և ցինիկաբար ընդունում, որ խնդիրը ոչ թե երկրի պաշտպանողունակության բարձրացումն է, այլ ապօրինի ցանկությունը վարժական հավաքները վերածելու քաղաքական հաշվեհարդարի մեխանզիմի։ Ով խորքային ծանոթ է տարատեսակ քաղաքական գործընթացներին և մեխանիզմներին, գիտի որ հաշվեհարդարները շատ ավելի արդյունավետ կարելի է կյանքի կոչել այսպես կոչված փակ տարածքներում, մեկուսարաններում կամ զորանոցներում։ Այնպես որ ցանկանում եմ շատ ուղիղ նշել, որ եթե ծառայության վայրում իմ հետ պատահեն անհասկանալի բաներ, այդ թվում «դժբախտ պատահարներ», ապա թող որևէ մեկի մոտ կասկած չլինի, որ անգամ ամենաչնչին պատահարի հետևում կանգնած են այս իշխանությունները և ամենը տեղի է ունեցել իրենց ուղղակի ցուցումով և հրահանգով։
P.s Ընդ որում, ցանկանում եմ նշել, որ չնայած վարժական հավաքի մեկնմանը մնացել են հաշված օրեր, մինչ օրս այդպես էլ չեմ անցել ռազմաբժշկական փորձաքննություն, որը պարտադիր կատարումը սահմանված է օրենքով։ Որպեսզի չկրկնվի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանից հետո այս իշխանության սպասարկուների այն ցինիկ հայտարարարությունները, թե բա ինքն էր մեղավորը, քանի որ չէր ներկայացրել իր բժշկական թղթերը, մինչ վարժական հավաքի մեկնելս պարտադիր կուղարկեմ այդ փաստաթղթերը զինկոմիսարիատ։
P.s.s Հուլիսի 1-ից իմ լայվերին սպասողներց հայցում եմ ներողամտություն, ուղղակի այս վերջին ամիսը զբաղված էի ժողովրդի լեզվով ասած «գործերս կլորացնելով» ու ուղղակի հասկացա, որ այդ պարագայում չեմ հասցնի արդյունավետ կերպով ներկայացնել բոլոր ասելքներս։ Խոստանում եմ վերադարձից հետո քավել այդ մեղքս։
Միշտ միասին․․․