Դերասանուհի Իրինա Հարությունյանը մեկ տարի առաջ կրկին մայրացավ: 40 տարեկանում երկրորդ երեխային ունեցած դերասանուհին այժմ վայելում է մայրության բերկրանքը: Tert.am Life-ն Իրինայի հետ զրուցել է ընտանեկան կյանքի մասին:
Դերասանուհու հետ խոսել ենք նաև ամուսնու մասին, քանի որ նրա անձնական կյանքի վերաբերյալ մի շարք բամբասանքներ են պտտվում: Երբ ծնվեց Իրինայի տղան, շատերը քննարկում էին, թե ով է նրա հայրը և անակնկալի եկան, որ դերասանուհին մեկ տարի չէ, ինչ ամուսնացած է:
-Իրինա, երեխայի ծննդից հետո պասիվ եք: Ե՞րբ եք նախատեսում վերադառնալ աշխատանքի:
– Մի պահ դադար վերցնելն իմ ընտրությունն էր: 15 տարի անընդմեջ աշխատելուց հետո զգացի, որ կա դրա կարիքը: Հասկացա, որ ինձ անհրաժեշտ է անընդհատ լինել երեխայիս կողքին: Մեծ տղայիս ծննդից հետո շատ շուտ անցա աշխատանքի: Նրա՝ քառասունքից դուրս գալուց անմիջապես հետո գնացել եմ աշխատանքի և չեմ վայելել այն րոպեները, որոնք հիմա վայելում եմ երկրորդ երեխայիս հետ:
Ամռանը կարճամետրաժ ֆիլմում նկարահանվեցի, հիմա էլ նկարահանվում եմ 20 մասանոց նոր ֆիլմում՝ «Քավարանում», որը նախատեսված է «Արմենիա Պրեմիումի» համար: Մեծ դադարից հետ չզգացի, որ այսքան երկար չեմ նկարահանվել, միանգամից ինտեգրվեցի աշխատանքին:
-Իրինա, խոսում եք այն մասին, որ Ձեր ընտանիքում մեծ է նաև Ձեր ամուսնու դերը, սակայն հանդիսատեսը Ձեզ ընկալում է որպես միայնակ կին: Երբ Ձեր երկրորդ երեխան ծնվեց, շատերը քննարկում էին, թե ով է Ձեր երեխայի հայրը: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ես չգիտեմ՝ ինչու է այդպես: Միգուցե պատճառն այն է, որ չեմ սիրում խոսել անձնականիս մասին, հանրային ձևով ապրել: Մենք ամբողջական ընտանիք ենք: Այս տարի կլրանա մեր ամուսնության 15 տարին: Իմ երկու երեխաների հայրն էլ ամուսինս է:
-Ինչպե՞ս է նա վերաբերում Ձեր մասնագիտությանը, այն աժիոտաժին, որ մասնագիտության բերումով ստեղծվում է Ձեր ընտանիքի շուրջ, սիրավեպին, որ վերագրում էին Ձեզ:
-Բնականաբար, շատ ծանր է տանում, ուղղակի ես իրեն հիշեցնում եմ, որ ես հանրային մարդ եմ, և դա բնական է: Ինձ ընտրելով՝ ինքը հասկացել է, որ ես հայտնի մարդ եմ, խոսակցություններն ու ավելորդ բամբասանքներն անխուսափելի են:
Պահի տակ ինչ-որ խոսակցություն լինում է, հետո անցնում է: Ես առաջին հերթին ազնիվ մարդ եմ: Մենք իրար ասում ենք այն, ինչ պետք է, չենք ամաչում՝ անկախ նրանից, թե ինչ իրավիճակ է:
-Դժվար փուլ ունեցե՞լ եք ընտանիքում:
-Յուրաքանչյուր ընտանիքում լինում է դժվար փուլ, դա նորմալ է: Չկան բացառիկ ընտանիքներ, որտեղ խնդիրներ չեն լինում: Բոլոր առողջ ընտանիքներում լինում են դժվար փուլեր, որոնք տարիների ընթացքում հաղթահարվում են:
-Ո՞րն է 15 տարի իրար կողքի լինելու և այդ դժվարությունները հաջողությամբ հաղթահարելու գրավականը:
–Շատ դժվար է: Մենք տարբեր ոլորտներից ենք, նա ընդհանրապես կապ չունի արվեստի հետ, ֆինանսիստ է, աշխատում է բանկում:
Մենք ունեցել ենք տարաձայնություններ, սակայն ամենակարևորը միմյանց զիջելը, հարգելն ու վստահելն է: Տղամարդը պետք է հարգի կնոջը, ոչ թե ասի՝ ես եմ տղամարդը: Մենք միշտ ամեն ինչ փոխհամաձայնությամբ ենք արել: Սրա արդյունքում էլ 15 տարի է՝ միասին ենք:
Ամբողջությամբ՝ life.tert.am