4 պատճառ, թե ինչու պետք չէ անընդհատ նվնվալ
Advertisement 1000 x 90

4 պատճառ, թե ինչու պետք չէ անընդհատ նվնվալ

Պատճառ 1. Նվնվացողը դադարում է լավը նկատել

Բողոքը, լացուկոծը, չնչին բանից ողբ սարքելը  մտածողության որոշակի ձեւ է, որն ուղղակի իմաստով փոխում է հավերժական տառապյալի ուղեղը: Այսպես՝ երկուշաբթի մորմոքվեց, թե բավականին ցուրտ է դարձել: Երեքշաբթի բողոքեց, թե չափազանց շոգ է: Չորեքշաբթի տառապում էր ուժեղ քամուց, իսկ հինգշաբթի զզվելի անձրեւի պատճառով ընդհանրապես մնաց տանը: Եվ այսպես օրեցօր վարժվեց մշտապես դժգոհ մնալ եղանակից, իսկ բանը միայն եղանակով չի սահմանափակվում

Պատճառ 2. Նվնվանը դադարում է տեսնել իր տաղանդը

Սեփական կյանքի հանդեպ մարդու վերաբերմունքի մասին շատ փոխաբերություններ կան: Սովորաբար ասում են, որ մարդն ինքն է իր երջանկության դարբինը: Կամ՝ որ յուրաքանչյուրն ինքն է սեփական «կյանքի» գրքի հեղինակը: Մեկը հաջողում է էպիկական վեպ ստեղծել, մյուսը՝ ճղճիմ թրիլեր:

Օրինակ՝ նա, ով իրեն անհաջողակ է համարում, ավելի շուտ կնշի այն իրադարձությունները, որոնք կհաստատեն այդ կարծիքը. առավոտից սուրճը թափեցի անդրավարտիքիս վրա, հետո խորհրդակցությանն այնքան էլ լավ ելույթ չունեցա, երեկոյան ժամադրությանը հիմարություններ դուրս տվեցի:

«Որքան ավելի շատ են այդպիսի իրադարձությունները հայտնվում ուշադրության կիզակետում, այնքան ավելի խոշոր եւ զգալի է դառնում «ամեն ինչ վատ է» կոչվող պատմությունը»,- մեկնաբանում է Ելիզավետա Կորոլյովան:

Բայց չէ՞ որ «կյանք» կոչվող գրքում  կան շատուշատ այլ սյուժեներ. «ես երջանիկ կին եմ», «ես հրաշալի բանակցող եմ», «ես համեղ եմ պատրաստում», «ես հավատարիմ ընկեր եմ»:

Ահա թե ինչ է ստացվում. եթե առավոտից երեկո կառչեք մտքից, թե որքան անճոռնի եք, ապա դժվար է հետո մտաբերել, որ, օրինակ, տաղանդավոր երգիչ եք կամ խոհարար:

Պատճառ 3. Նվնվացողը ջղայնացնում է մարդկանց

Մարդիկ այնպես են կառուցված, որ ենթագիտակցորեն եւ անսխալ կռահում են միմյանց էմոցիոնալ վիճակը: Այդ ունակությունը պայմանավորված է հատուկ նեյրոններով, որոնք գիտնականներն անվանել են «հայելային»: Հենց դրանց շնորհիվ մենք կարող ենք լինել էմպատային, կամ պարզ ասած՝ հասկացող: Այդ պատճառով հայտնվելով նվնվացողի կողքին՝ հեշտությամբ կարող ենք վարակվել նրա տրամադրությամբ կամ նրան փոխանցել սեփական, ավելի լավատեսական տրամադրությունը: Հաճախ մարդիկ այդպես էլ փորձում են անել. ոգեւորում են, խորհուրդներ տալիս: Ճիշտ է, նվնվացողը նրան չի լսում, շարունակում է բողոքել, ինչով էլ ջղայնացնում է խորհրդատուին: Ի պատասխան նրանք սովորաբար եւս մի երկու խորհուրդ են տալիս, մինչեւ վերջնականապես չեն չարացնում նաեւ իրեն՝ տառապյալին:

Պատճառ 4. Նվնվացողը այդպիսին էլ կմնա

Նվնվացողների վերաբերմունքը անցյալի, ներկայի եւ ապագայի հանդեպ աստիճանաբար աղավաղվում է, դառնում առավել մռայլ: Նա արդեն անցած տարվա արձակուրդն այլ կերպ է հիշում. «Ճաշարանում ինձ միշտ էլ ձմերուկ չի հասել, համարում ոչ մի անգամ կարապի տեսքով սրբիչ չի կախվել եւ ընդհանրապես ծովի ջուրը սառն էր»: Շատ հնարավոր է, որ նա սպասվող հանգստին էլ է կասկածամտությամբ վերաբերվում: «Հա ինչ անենք, որ Բալիի ափին սեւ ավազ է: Նովոկուզնեցկում էլ սեւ ձյուն է, բայց ոչ մեկն այնտեղ էքսկուրսիայի չի գնում»:

Ինչպես նկատեցիք, հավերժորեն տառապող մարդիկ ոչ  միայն մտերիմների հետ հարաբերություններն են փչացնում, այլեւ ինքնակամ հրաժարվում են ընկալել կյանքի ուրախությունները, արժեզրկում են սեփական տաղանդը եւ  իրենց զրկում հեռանկարից: Հետեւաբար ջանացեք ավելի շատ ուշադրություն դարձնել լավին եւ հիշեք. յուրաքանչյուրն ինքն է գրում իր պատմությունը, որն անպայման երջանիկ կլինի, եթե դա շատ ցանկանաք:

news.am