Օգտագործված թաց անձեռոցիկները փոխում են Թեմզայի հունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օգտագործված թաց անձեռոցիկները փոխում են Թեմզայի հունը

Բազմիցս խոսվել է մեկանգամյա օգտագործման պլաստիկ իրերի թափոնների պատճառով առաջացած խնդիրների մասին, և ահա դրանց ավելացվեց ևս մեկը՝ Լոնդոնի մերձակայքում Թեմզա գետում ձևավորվել է երկու թենիսի կորտերի չափ կղզի, որը բաղկացած է օգտագործված թաց անձեռոցիկներից։

Տվյալ երևույթի պատճառն այն է, որ կոյուղի նետվելուց հետո նման անձեռոցիկները զուգարանի թղթի պես չեն քայքայվում, քանի որ բաղկացած են պլաստիկ մանրաթելերից, և մաքրման կայաններից հետո անցնում են գետի մեջ։

Ինչպես նշում է «անձեռոցիկների կղզի» այցելած պատգամավոր Ֆլեր Անդերսենը, մինչև մեկ մետր հաստությամբ այս հսկայական արհեստական ​​գոյացությունն արդեն իսկ ազդում է Թեմզայի հունի վրա։ Իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար նա առաջարկել է հրաժարվել պլաստիկ մանրաթելեր պարունակող թաց անձեռոցիկների արտադրությունից ու վաճառքից, ինչպես նաև մշակել դրանց ոչնչացման նպատակահարմար տեխնոլոգիա։

Բացի Թեմզա գետը պատնեշելուց, օգտագործված թաց անձեռոցիկները նպաստում են այսպես կոչված «ֆատբերգների» ձևավորմանը, որոնք բաղկացած են պինդ թափոններից և ճարպից, և կարող են խցանել քաղաքի կոյուղագծերը:

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ Մեծ Բրիտանիայի Շրջակա միջավայրի նախարար Ռեբեկա Պոուն հանրությանը խնդրել է օգտագործված թաց անձեռոցիկները չթափել զուգարանակոնքի մեջ, և նշել է, որ շուտով կառավարությունը կներկայացնի խնդրի լուծմանը միտված որոշ առաջարկություններ։

Հրապարակման պատրաստեց ita.am



Նման նյութեր