«Ռուսաստան և արևմուտք պատերազմի միակ երկարաժամկետ շահողը Չինաստանն է». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Ռուսաստան և արևմուտք պատերազմի միակ երկարաժամկետ շահողը Չինաստանն է». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Աշխարհի միակ երկիրը, որ երկարաժամկետ պլանով է շարժվում` Չինաստանն է: Դասական պլանավորման մեջ երկարաժամկետը հինգից ավել տարին է, իսկ չինական տարբերակում մի քանի տասնամյակը: Այո՛, նրանք կարողանում են մի քանի տասնամյակի պլան գծել և դրանից չշեղվելով գնալ առաջ: Ո՞րն է այդ պլանը:

Դառնալ աշխարհում ամենամեծ տնտեսական և ռազմական պետությունը` առաջ անցնելով ԱՄՆ-ից: Ո՞րն է սրա տակ թաքնված գաղափարախոսությունը` կոմունիզմը: Չինաստանի ներկա և մինչև մահ նախագահը հավատում է (այս հավատը ամբողջ կուսակցությանն է), որ մարդկանց կենսագորրծունեության միակ ճիշտ ճանապարհը կոմունիզմն է:

Աշխարհում առաջինը դառնալու համար (տնտեսությամբ հիմա արդեն երկրորդն են), կուսակցության գաղափարական հեղինակությունները որոշակի ուսումնասիրություններից հետո հանգում են հետևյալին` զարգացման և աճի արագ տեմպ ունենալու միակ ճանապարհը տոտալիտարիզմն է, իսկ այս ճանապարհին տարակարծություններն ու հասարակական տարբեր շերտերի միջև տարբերությունները խանգարիչ են:

Այս պլանը իրագործելու համար ներկայի նախագահը փոխում է սահմանադրությունը, որպեսզի անսահմանափակ անգամներ կարողանա երկրի ղեկավար լինել: Որպեսզի վերացնի կուսակցության ներսում պոտենցիալ մրցակցությունը իշխանությունը տոտալիտար մոդելի բերելու ճանապարհին` հայտարարում է պայքար կոռուպցիայի դեմ: Ինչպես չինացի քաղաքագետներն են ասում, Չինաստանում չկա մեծ և հեղինակավոր ընտանիք, որ կոռուպցիայի մեջ եղած չլինի, հետևաբար շատ հեշտ է այս պայքարի քողի տակ ազատվել մրցակիցներից: Այս գործընթացի արդյունքում շուրջ մեկ և կես միլիոն մարդ հեռացվում են կոմունիստական կուսակցությունից, իսկ տասնյակ հազարները ձերբակալվում են: Հաջորդ քայլով հանրության մեջ տարբեր շերտերի տարբերությունների վերացումն է: Սա է պատճառը, որ Հոնկ-Կոնգը չպետք է մնա ժողովրդավար, իսկ Չինաստանի արևմուտքի մուսուլմանական մասը պիտի տարրալուծվի և ժամանակի ընթացքում իսլամը կամ վերանա կամ դառնա ոչ նշանակալի:

Չինաստանի ներսում այս գործընթացները արդեն տասնյակ տարիներ ընթանում են և դրանք հաջուղում են: Հաջորդիվ Չինաստանը որոշում է, որ առաջինը դառնալու նպատակին հասնելու համար աշխարհով մեկ պիտի կառուցի նավահանգիստներ և ճանապարհներ` Belt and Road նախաձեռմնությունը (տես նկարը): Սրա նպատակն է չինական ապրանքները շատ ավելի արագ հասցնել արտասհամանյան սպառողներին և հետևաբար ավելի արագ տնտեսական աճ ունենալ: Սրա մի մասն արդեն իրագործված է, ընդ որում պլանի մաս կազմող գրեթե բոլոր երկրներում Չինաստանը մեծ ներդրումներ անելով կառուցում է այդ ենթակառուցվածքները, հետո դրանց տերը դառնում: Անմասն չի մնացել նույնիսկ Հունաստանը, որտեղ գտնվող Piraeus չինական կառուցած խոշոր նավահանգստի մեծ մասը արդեն Չինաստանի սեփականությունն է:

Այս պլանի շրջանակներում Չինաստանը 2016-ին Զիբուտիում հիմնում է իր առաջին օտարերկրյա ռազմաբազան, որտեղ ի դեպ ռազմաբազաներ ունեն նաև ԱՄՆ, եվրոպացիները, Ճապոնիան: Աֆրիկյան մայրցամաքում Չինաստանը հետզհետե դոմինանտ դիրք է գրավում` դուրս մղելով արևմուտքին, իսկ աֆրիկյան պետություններին ներկայանում է իբր արևմտյան գաղութացումից ազատող տերություն: Աֆրիկային շուրջ հարյուր միլիարդ դոլարի պարտք ունի տված և իր կառուցած ենթակառուցվածնքերի մի մասը արդեն դարձել են Չինաստանի սեփականությունը: Ի դեպ, սա է նեոգաղութացում կոչվածը:

Ընդամենը չորս տարում չինացիները նավատորմ են վերակառուցում, որ գերազանցում է նույնիսկ հզոր ֆրանսիականին:

Սա ծավալվող և երկար պատմություն է և կարելի է երկար գրել. Որպեսզի հասկանալի լինի թե ինչ է տեղի ունենում, ամփոփումը ավելի պարզ ներկայացնեմ: Վերջին հարյուր տարում արևմուտքը աշխարհին բացատրում, համոզում և ուսուցանում էր, որ ժողովրդավարությունը այն միակ ճանապարհն է, որ տանում է տնտեսական կայուն զարգացման և բարեկեցության: Չինաստանը լինելով միակուսակցական պետություն և չունենալով ժողովրդավարություն, սակայն զարգանալով շատ արագ և իր քաղաքացիների համար բարեկեցություն ստեղծելով` մարտահրավեր է նետել արևմտյան քաղաքակրթության քաղաքական և գոյաբանական նշված գաղափարախոսությանը:

Չինացիներն ասում են, որ առաջնորդը եթե ընտրվում է ժողովրդավարական արևմտյան մոդելով անկայունություն է բերում և դանդաղեցնում է տնտեսական զարգացումը: Իսկ երբ կուսակցության ներսում եփվելով առաջ է գնում, ու կուսակցության միջոցով է իշխանության գալիս, ապա առաջնորդի որակական հատկանիշները շատ ավելին են, իսկ երկրի քաղաքական կայունությունը ապահովված, հետևաբար հանրությունը հանգիստ կարող է լծվել բարիքի ստեղծմանը: Ի դեպ, Չինաստանը դպրոցից սովորեցնում է` ապագան քո ուսերին է: Ինչը կնշանակի, քեզանից է կախված, թե ապագան ինչպիսին կլինի, դու ես դրա կերտողը: Եկեք չասեմ, թե մենք ինչ ենք սովորեցնում մեր դպրոցներում:

Աֆրիկայում և նույնիսկ Եվրոպայում Չինաստանը միլիարդներ ծախսելով ոչ միայն իր տնտեսական շահերն է առաջ տանում, այլ այս գաղափարախոսությունն է տարածում: Չինաստանը ձգտում է դառնալ աշխարհի առաջինը և միակ գերտերությունը: Սա է պատճառը, որ ԱՄՆ-ը շատ լուրջ մտահոգված է:

Չինաստանը այս պլանի իրագործմանը փորձելու է հասնել մինչև 2050 թվական: Նույնիսկ ԱՄՆ-ը չունի նման տևողության պլան, որ գործողության մեջ է և իրականության մեջ ոչ մի կերպ չի կարողանում հակազդել այս պլանի իրագործմանը: Իսկ ամբողջ Եվրոպայում, գերմանացիք միակն են, որ հասկանում են սրա հետևանքները և գոնե խոսում են այս պլանի դեմ: Ի դեպ, սա այն Գերմանիան է, որ շուտով ռուսների ձեռամբ կմտնի տնտեսական ճգնաժամի մեջ: Այս պահին, Ռուսաստան և արևմուտք պատերազմի միակ երկարաժամկետ շահողը Չինաստանն է, որի վերոնշյալ պլանը ավելի է հաջողելու այս ամենի հետևանքով:

Կարճ ակնարկ մեր մասին:

Բարեբախտաբար կամ դժբախտաբար Հայաստանը դուրս է մնացել այս չինական մեծ ծրագրից` հարևանների ջանքերի շնորհիվ: Եվ մեզ չի սպառնում օգտվել չինական զարգացման փշրանքներից, և հետո խեղդամահ լինել դրանցով, բայց ամեն դեպքում մեր ներկայի ուղին խեղդամահն է թուրքական զարգացման փշրանքներով, երբ չկա ո՛չ պլան, ո՛չ տեսլական, ո՛չ համակարգ, ո՛չ էլ առաջնորդություն:

Մենք քաոսի տիրակալներն ենք, և համառ քայլերով գնում ենք ինքնաոչնչացման և վստահաբար, եթե մնանք այս գծի վրա, մինչև 2050 մենք ուղղակի չենք լինելու` հայկական պետություն ուղղակի չի լինելու: Ի դեպ, հայկական խոշոր ճանապարհներն էլ սկսել են չինացիները սարքել, իսկ մենք դեռ միայն խոսում ենք»: