ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանն այսօր հուշագիր ստորագրեցին, որով «Մշակութային կանգառ» ծրագրին հատկացվեց 73 միլիոն դրամ: Ծրագրի նախաձեռնողը ՀՀ Մշակույթի նախարարությունն է, իսկ տրամադրված գումարները կծառայեն Հայաստանի պետական բոլոր երաժշտական և թատերական խմբերին՝ հյուրախաղերով հանդես գալու՝ ինչպես ողջ Հայաստանի տարածքում, այնպես նաև Արցախում:
Նախարար Ամիրյանի խոսքով՝ «մշակութային ինտերվենցիայի» հայտարարումից հետո արձագանքներն իրենց սպասեցնել չեն տվել.
«Միանգամից արձագանքեցին մեր բարեկամները և մասնավորապես՝ «Փյունիկ» հիմնադրամը: Սա աննախադեպ միջոցառում է, որ իր մեջ ներառում է 426 մշակութային այց, հիմնադրամի տրամադրած շարժական կինոթատրոնների միջոցով շուրջ 200 կինոցուցադրում, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 600 մշակութային միջոցառում՝ չհաշված փառատոնային այցելությունները»:
«Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանն էլ իր հերթին հաստատում է՝ իրենք սիրով են արձագանքել համագործակցության առաջարկին, իսկ նախարարի առաջարկը ուրախ լուր է եղել իրենց համար:
Նախարարը նկատում է՝ մշակույթի հետ շփվելն այսօր կարծես շքեղություն է դարձել մարզում ապրող մարդկանց համար, ի տարբերություն Երևանի, որտեղ մշակութային կյանքը շատ բարձր մակարդակի վրա է: Հետևաբար՝ նախատեսվող ծրագիրը ոչ միայն միտում ունի մշակութային կյանքի հաղորդակիցը դարձնել նաև մարզային բնակչությանը, այլև հաշվառելու մարզային մշակութային հարթակները, գնահատելու մարդկային ներուժը, և այլն:
Մարզերում նախատեսվող մշակութային միջոցառումների համար գերատեսչությունը սահմանել է սիմվոլիկ մուտքավճար՝ ընդամենը 300 դրամ, իսկ ծրագրի իրականացման արդյունքները գնահատելիս կառաջնորդվեն վաճառված տոմսերի քանակով: Նախարարը համոզված նկատում է՝ «Մշակութային կանգառ» ծրագիրը լրջորեն փոխելու է մշակութային միջավայրը, և հավելում է.
«Մեր խնդիրն է՝ նաև մարզերում, համայնքներում ստեղծել մշակութային միջոցառումների կազմակերպման ենթակառուցվածքներ: Հավատացե՛ք, որ նման ախտորոշումը նաև որակական փոփոխություն է բերելու, որովհետև մի բան է, երբ ձրի համերգին աշակերտներին պարտադրելով են բերում դահլիճ, մեկ այլ բան է, երբ գյուղում ապրող մարդը՝ տեսնելով պաստառը, սիրահոժար գնում է էժան տոմսն ու մասնակցում համերգին»:
Տեղեկացնենք, որ չնայած ցրտաշունչ ձմռան մատուցած եղանակային անակնկալներին, մարզերում մշակութային միջոցառումների մեկնարկն արդեն իսկ տրված է:
Նվարդ Մանվելյան