Երիկամների հիվանդությունների զարգացման հիմնական պատճառներն են սխալ սննդակարգը, բավարար քանակությամբ ջուր չօգտագործելն ու սննդին հավելյալ աղ ավելացնելու սովորությունը։ Այս մասին Eat This, Not That պորտալի հետ զրույցում ասել է սննդաբան Գեյլ Թորեսը։
Մասնագետի կարծիքով՝ երիկամների քրոնիկ հիվանդությունը հաճախ որևէ կերպ չի դրսևորվում, քանի դեռ չի անցնում խորացված փուլ։ Շատերը տարիներ շարունակ կասկած անգամ չեն ունենում, որ երիկամները կարող են սխալ աշխատել, ուստի սննդակարգին հետևելն ու երիկամների համար օգտակար մթերքի օգտագործելը շատ կարևոր է։
«Հարկավոր է հետևել աղի ու նատրիումի ցածր պարունակությամբ սննդակարգին, ինչը ենթադրում է մեծ քանակությամբ մրգերի, բանջարեղենի, ամբողջահատիկ մթերքի, լոբազգիների, ընկույզների, սերմերի, մոնոչհագեցած ու չհագեցած ճարպերի, քիչ քանակությամբ ճարպեր ու շաքար պարունակող կաթնամթերքի, անյուղ մսի ու օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ ձկների գործածություն», – նշել է բժիշկը։
Նրա խոսքով՝ երիկամների հիվանդությունների կանխարգելման համար հարկավոր է կանոնավոր սննդի մեջ ելակ, ընկույզներ, լոլիկ, թարմ կանաչեղեն ու խնձոր օգտագործել, քանի որ սննդամթերքի այս տեսակները շատ օգտակար են երիկամների համար։