Նկարներում նախատատս՝ Գայանեն ու նախապապս՝ Իսրայելն են. Ծովինար Բարխուդարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նկարներում նախատատս՝ Գայանեն ու նախապապս՝ Իսրայելն են. Ծովինար Բարխուդարյան

Նկարներում նախատատս՝Գայանեն ու նախապապս՝Իսրայելն են։

Իսրայելը պղնձագործ էր,արհեստանոց ուներ Շուշիի կենտրոնական փողոցներից մեկում։ 1920 թվականին Բարխուդարյանների ընտանիքում 5 երեխա էր մեծանում։

Երբ սկսվեցին հայերի կոտորածները, Աբրահամ պապիս ավագ եղբայրը՝Մանվելը, հոր արհեստանոցում էր,վազեց տուն և մորը փոխանցեց հոր մի տողանոց նամակը.թուրքերը հարձակվել են,երեխաներին ապահով տեղ տար…

Թուրքերը Մեծ պապիս հենց իր արհեստանոցի դռան մոտ սպանեցին։

Մեծ տատս դուստրերի՝Արշալույսի ու Օլյայի երեսը մուր քսեց,որ եթե հանկարծ բռնվեն,գրավիչ չլինեն թուրքի համար, 3 ամսական Նապոլեոնին կապեց մեջքին, Մանվելի ու Աբրահամի հետ դեպի անտառներ գնաց…ինչպես բոլորը…

Գաղթի ճանապարհին մի քանի անգամ խնդրեցին օրորոցի երեխայից ազատվի, ձորը գցի, լացում էր,դանդաղեցնում փախուստը։ Չհամաձայնվեց Գայանեն։

10 տարեկան Աբրահամի հիշողություններում այդ օրերից միայն անձրևաջրերին խառնված արյունը մնաց ու ծակող ցուրտը։ Ցրտահարությա՞ն,թե՞ շաբաթներով քայլելու հետևանքով,պապս ընտանիքի հետ

Պատարա գյուղ հասավ մի ոտքն ընդմիշտ կորցրած.կաղում էր պապս։ Պատարայում Գայանեին մի կարի մեքենա նվիրեցին,որը և դարձավ ընտանիքի ապրուստի միակ միջոցը։

Այդ կարի մեքենան հիմա մեր տանն է։

Երբ ես փոքր էի,կարծում էի՝ պապս դերձակ է,որովհետև միշտ իմ դպրոցական համազգեստն ինքն էր կարում։ Այնինչ սիրելի մայրիկից ժառանգություն մնացած միակ հուշը չէր վստահում անգամ սիրելի կնոջը՝տատիկիս։

Սովետի տարիներին պապս Ստեփանակերտում կոմունալ ծառայությունն էր ղեկավարում, իր ենթակայությամբ էին գործում Ակնայի և Շուշիի կոմունալ ծառայությունները։ Ստուգումներով Ակնա անձամբ գնում էր,բայց Շուշի՝երբեք։

Աբրահամ պապս մահացավ 1992 թվականի մայիսի 13֊ին,արցունքն աչքերին,Շուշիի ազատագրման ավետիսը ստանալուց հետո։

Ասում են՝ նպատակին հասնելու ճանապարհն սկսվում է ինքնաճանաչումից։

Ես շուշեցի եմ։

Իմ նպատակն իմ Մեծ պապի արհեստանոցի կողքին խունկ ծխելն է։

Ես կորցրել եմ Շուշին,որովհետև լավ չգիտեի այս պատմությունը։

Իմ ճանապարհը միշտ դեպի Շուշի տանողն է լինելու,անգամ,եթե չհասնեմ…

Ծովինար Բարխուդարյանիէջից



Նման նյութեր