Աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպով․ Ինձ շատ հուշեր եւ հույզեր են կապում Հայաստանի հետ
Advertisement 1000 x 90

Աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպով․ Ինձ շատ հուշեր եւ հույզեր են կապում Հայաստանի հետ

Ինձ շատ հուշեր եւ հույզեր են կապում Հայաստանի հետ: Շնորհավորում եմ Հայաստանի թիմին Օլիմպիադայում փայլուն խաղի եւ հրաշալի արդյունքի առթիվ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն(1975, 1978, 1981), ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի եռակի չեմպիոն (1993, 1996, 1998), ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության կրկնակի, օլիմպիադաների 6-ակի չեմպիոն  Անատոլի Կարպովը:

Անատոլի Եվգենեւիչ, շնորհակալ եմ, որ հարցազրույցի հնարավորություն ընձեռեցիք: Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադան արդեն պատմություն է: Մեկնաբանեք Օլիմպիադայի արդյունքները: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի մրցելույթն ու երկրորդ տեղի արդյունքը:

Շախմատում դժվար է կրկնել հաջողությունները: Հայաստանի հավաքականը երկու անընդմեջ Օլիմպիադայում է հաղթել եւ այդ արդյունքը դժվար է կրկնել: Այն ժամանակ թիմում շատ մեծ հաղթական տրամադրություն կար, ամեն ինչ այլ էր, եւ այդ թիմը մեծ հաջողություններ էր գրանցում: Այս Օլիմպիադայում հավաքականը խաղաց առանց Լեւոն Արոնյանի եւ ուղղակի փայլուն խաղ ցույց տվեց՝ հրաշալի արդյունքով: Պետք է հաշվի առնել, որ այս Օլիմպիադայում չխաղացին Ռուսաստանն ու Չինաստանը, դա փոքր-ինչ թեթեւացրել էր դրությունը: Ամեն դեպքում, Հայաստանի թիմը հրաշալի հանդես եկավ: Իմ շնորհավորանքները հավաքականին, հայերին:

Առաջին տեղը զբաղեցրած Ուզբեկստանի հավաքականի մասին ի՞նչ կասեք:

Մեծ անակնկալ էր Ուզբեկստանի հավաքականի հաղթանակը: Վերջին տուրում սպորտային հաջողությունը ժպտաց նրանց: Վերջին տուրի հաղթանակը նրանց անձնական ցուցանիշներն ավելացրեց եւ դարձրեց չեմպիոն: Սա մեծ բացահայտում էր: Երբ փլուզվեց Սովետական Միությունը, Ղրղզստանի հավաքականը դարձավ Ասիայի մայրցամաքային չեմպիոն: Այդ իրադարձությունը, կարծես, ամպրոպ լիներ պարզ երկրնքում: Մենք այն ժամանակ չգիտեինք, որ Ղրղզստանում շախմատ են խաղում: Իհարկե, Ղրղզստանը սովետական հանրապետությունների մեջ ուժեղագույններից մեկն էր, բայց երբ նրանք արդեն հանդես եկան որպես առանձին հավաքական, կարողացան հաղթել գլխավոր մրցակիցներին եւ առաջին տեղը զբաղեցնել Ասիայում: Սա իսկական հրաշք էր: Նույնպիսի հրաշք է հիմա Ուզբեկստանի հավաքականի հաղթանակը Օլիմպիադայում:

Ձեզ համար անակնա՞լ էր Ուզբեկստանի հաղթանակը: 

Ոչ միայն ինձ, կարծում եմ՝ ամբողջ շախմատային աշխարհի համար Ուզբեկստանի հաղթանակը մեծ անակնկալ էր: Ուզբեկները եւս հրաշալի հանդես եկան: Շատ լավ թիմ ունեն: Այս հաղթանակը խոսում է այն մասին, որ Ուզբեկստանում շատ մեծ ուշադրություն է դարձվում շախմատի զարգացմանը:

Մենք գիտենք, որ Հայաստանում արդեն երկար տարիներ շատ լուրջ վերաբերմունք կա շախմատի զարգացմանը, իսկ Ուզբեկստանը վերջին տարիներին է աչքի ընկնում շախմատային հաջողություններով, որն էլ տվեց իր արդյունքը:

Ինչպես Դուք արդեն նշեցիք, այս Օլիմպիադային չէին մասնակցում Ռուսաստանի ու Չինաստանի ուժեղագույն թիմերը։ 2016-ի Օլիմպիադային, որն անցկացվեց Բաքվում, չէր մասնակցում Հայաստանի թիմը։ Վերջին զարգացումները որքանով են համապատասխանում ՖԻԴԵ-ի կարգախոսին՝ «Մենք մի ընտանիք ենք» (Gens una sumus)։

Անհեթեթություն է, որ մարզաշխարհի ներկայացուցիչները, սպորտային գործիչները թույլ են տալիս քաղաքականության ներխուժումը օլիմպիական շարժում, միջազգային սպորտային շարժում, այդ թվում համաշխարհային շախմատ: Երբ ֆաշիստական պարտիան պաշտոնապես ճանաչվեց հանցագործ շարժում, երբեք որեւէ համաշխարհային հրեական կազմակերպություն խնդիր չդրեց, որ ֆաշիստական պարտիայի ներկայացուցիչներին չի թույլատրվում մասնակցել շախմատի  մրցաշարերին:

Ինձ համար անհասականալի է, թե ինչ են այսօր անում միջազգային գործիչները, այդ թվում՝ շախմատում: Մեր նախնիները ժամանակին միջազգային ֆեդերացիայի համար ընտրել են հրաշալի կարգախոս՝ «Մենք մի ընտանիք ենք», եւ բոլորս պարտավոր ենք առաջնորդվել այդ կարգախոսով: Շուտով լրանում է ՖԻԴԵ-ի 100-ամյակը, եւ, եթե այսպես շարունակվի, այն կարող է փլուզվել, ինչը կլինի շատ անարդար:

ՖԻԴԵ-ն հիմնադրվել է 1924 թվականին Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ: Ես շախմատով սկսել եմ զբաղվել 1966 թվականից: Իմ ամբողջ կյանքի ընթացքում ապրել եմ «Մենք մի ընտանիք ենք» կարգախոսով: Շախմատում երբեք չենք տարանջատել ազգություն, ռասսա, կրոնական պատկանելիություն, շախմատը եղել է համերաշխ ընտանիք: Հիմա փորձում են մեզանում այդ ամենը սերմանել, ներմուծել, ինչին ես ակտիվ դիմադրություն եմ ցուցաբերում եւ բոլորին կոչ եմ անում դիմադրել այս անհեթեթությանը:

Ամբողջությամբ՝ sport.news.am