ԱՄՆ-ի դեղերի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը նախազգուշացրել է նիկոտինային ծամոն արտադրողին արգելված արտադրանքի վաճառքը դադարեցնելու անհրաժեշտության մասին, տեղեկացրել է UPI-ն։
Ծամոնները արտադրում է VPR Brands LP ընկերությունը, դրանցից յուրաքանչյուրը պարունակում է 1 միլիգրամ նիկոտին։ Փաթեթի վրա գրված է, որ այդ արտադրանքը պարունակում է առանց ծխախոտի նիկոտին, բայց ընկերությունն այն ԱՄՆ-ում վաճառելու կամ տարածելու իրավունք չունի, հայտարարել են վարչությունում։ Ուրբաթ օրվա դրությամբ ընկերության կայքում նշվել էր, որ ծամոնները հանվել են արտադրությունից։
Նոր դաշնային օրենքը, որն ուժի մեջ է մտել ապրիլին, վարչությանն օժտել է նաեւ սինթետիկ նիկոտին պարունակող արտադրանքի վաճառքն արգելելու իրավասությամբ։
Իր նախազգուշացման մեջ գերատեսչությունը հղում է կատարել նաեւ վերջերս կատարված հետազոտությանը, որը հրապարակվել է Pediatrics ամսագրում։ Գիտնականները հայտնաբերել են, որ բուրավետ ոչ ծխախոտային նիկոտինային ծամոնները երիտասարդության շրջանում առավել հաճախ օգտագործվող արտադրանքներից են։ Այդ ծամոնները համարվում են ռիսկային, քանի որ կարող են թաքցվել մեծահասակներից եւ գրավիչ համ ունեն։
Նիկոտինն առաջ է բերում դրանից կախված լինելու սովորություն եւ վտանգավոր է երեխաների համար։ Այն կարող է պատանի հասակում վնասել զարգացող ուղեղը, առաջ բերել սրտխառնոց, փսխում, որովայնի ցավեր, արյան ճնշման բարձրացում եւ սրտի զարկերի արագացում, ցնցումներ, շնչառության կանգ եւ անգամ մահ։ Դրա նույնիսկ ոչ մեծ քանակության հայտնվելն օրգանիզմում կարող է թունավոր լինել 6 տարեկանից փոքր երեխայի համար, նշվել է վարչության հաղորդագրությունում։
Իր նախազգուշական նամակում վարչությունն ընկերությանը տեղեկացրել է, որ վերջինը պետք է հայտնի, թե ինչպես է նախատեսում վերացնել բոլոր խախտումները եւ արտադրանքը համապատասխանեցնել սննդամթերքի, դեղերի ե կոսմետիկայի մասին դաշնային օրենքին։ Ընկերությունը կարող է տուգանվել, կարող է ենթարկվել բռնագանձումների եւ դատական արգելքի, եթե 15 օրվա ընթացքում չվերացնի խախտումները, տեղեկացրել է գործակալությունը։