«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացրած ու մրցույթում «Քամի, քամի» երգով հաղթած Մալենան շուրջ երկու ամիս է, ինչ գտնվում է ԱՄՆ-ում։ Երգչուհին Բոստոն էր մեկնել Բերքլի երաժշտական քոլեջի հինգշաբաթյա ծրագրին մասնակցելու նպատակով։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա նշեց, որ ծրագրին մասնակցելու հնրավորություն էր ստացել Տիգրան Համասյանի եւ նրա թիմի շնորհիվ․
«Մի օր Տիգրան Համասյանի թիմի կողմից ստացա նամակ, որտեղ ասվում էր, որ նրանք եւ Armenian Scholarship Fund-ը պատրաստ են տրամադրել ինձ կրթաթոշակ՝ Բերքլիում ամառային դպրոց հաճախելու համար, եւ ես շատ շնորհակալ եմ նրանց՝ այս հնարավորության համար»։
Ըստ Մալենայի՝ դասընթացը օգտակար է եղել ոչ միայն իր ուսուցման, այլեւ՝ անձնական ձեռքբերումների տեսանկյունից․
«Ամեն ինչ շատ լավ է ընթացել, շատ նոր ծանոթություններ եմ ձեռք բերել, որոնք, հուսով եմ, դասերից հետո կպահպանվեն: Ունեմ հիանալի վոկալի ուսուցիչ, ով ինձ շատ է օգնել այս ընթացքում, մեր երաժշտական ճաշակները համընկնում էին, եւ դա ավելի հեշտ էր դարձնում երգացանկ ընտրելը: Ունեցա նաեւ փոքրիկ համերգ Բոստոնի հայկական համայնքի համար, որտեղ ինձ շատ ջերմ ընդունեցին»:
«Մանկական Եվրատեսիլ»-ի հաղթողը ԱՄՆ-ում առաջին անգամ է: Ասում է՝ շատ չի հասցրել ծանոթանալ Բոստոնին, քանի որ ժամանակի մեծ մասն անցկացնրել է քոլեջում,-«Ամեն դեպքում ինձ շատ լավ եմ զգում, հանգիստ ու ազատ։ Մարդկանց մեծամասնությունը շատ սիրալիր է ու ջերմ: Վերջերս այցելել եմ Նյու Յորք, ու շատ եմ հավանել։ Համարյա ամեն ինչ պատկերացրածիս պես էր»,-անդրադառնալով իր տպավորություններին՝ հավելեց նա։ ԱՄՆ-ում գտնվելու շրջանում Մալենան պատրաստվում է նաեւ ներկա լինել իր սիրելի արտիստներից մեկի՝ The Weeknd-ի համերգին, ինչը նրա խոսքով՝ կրկնակի ոգեւորիչ է։
Ի պատասխան քննարկումներին, թե ԱՄՆ մեկնել է մշտական բնակության նպատակով, պատանի արտիստը վստահեցրեց՝ սեպտեմբերին արդեն վերադառնալու է Հայաստան։
«Անպայման վերադառնալու եմ, բայց Միացյալ Նահանգները շատ եմ հավանել, կարծում եմ՝ հաճախակի կգամ այստեղ»:
Հայաստանում երգչուհուն սպասում են նոր ձայնագրություններ ու խիտ գրաֆիկ։ Մալենան պատրաստվում է երկու նոր երգ ներկայացնել, որոնք կունենան նաեւ տեսահոլովակներ։ Բացի այդ, նա նախապատրաստվում է Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին, որին եւս իր մասնակցությունն ունենալու է։ Մրցույթը կայանալու է դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։