Օգոստոսի 25-ին՝ Հայկոյի 49-ամյակի օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրում կայացել է սիրո երգչի՝ Հայկոյին նվիրված համերգը: Հայկոյի երգերը, Հայկոյի կինոերաժշտությունը, Հայկոյի մտքերն ու Հայկոյի անսահման աշխարհը՝ հնչեց հայտնի արտիստների մեկնաբանությամբ և մեծ նվագախմբի կատարմամբ։
Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասներ:
«Սիրո հավերժ քաղաք» երգի հնչյունների ներքո կատարվեց համերգի բացումը, իսկ բեմին էր Հայկոյի ստուդիայի մոտիվներով կառուցված ստուդիան, ընկերներն էլ բեմադրել էին ձայնագրման ընթացքը:
Համերգի բացման հաղորդավարները նրա ընկերներն էին՝ Նազենի Հովհաննիսյանը և Գարիկ Մարտիրոսյանը:
«Հայկոյի բոլոր համերգներին ես եղել եմ հանդիսատեսի կարգավիճակում, քանի որ նա ցանկանում էր, որ մենք նույնպես վայելենք նրա երգերը: Նա ցանկանում էր, որ մենք չաշխատենք և նրա բոլոր համերգներն անցել են առանց հաղորդավարների: Այսօր իմ ընկերոջ ծնունդն է, բայց մենք չենք սգալու, քանի որ նա չէր ցանկանա տեսնել մեզ այդ կարգավիճակում»,- ասաց Նազենի Հովհաննիսյանը:
Ներսեր Ավետիսյանը կատարեց արդեն շատերի կողմից սիրված «Երջանկության մեխանիկան» ֆիլմի օրիգինալ սաունդթրեքը:
Համերգին ժամանել էին Սոսո Պավլիաշվիլին և Ալեքսեյ Չումակովը:
Սոսոն ռուսալեզու տարբերակով կատարեց «Ամենա» երգը, իսկ ելույթի ավարտին ասաց.«Հայկո, սիրում եմ քեզ, ախպե՛րս»:
Համերգի երկրորդ հատվածում իր և Հայկոյի ընկերության և աշխատանքի մասին խոսեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը:
«Հայկո, Հայկո, Հայկո… Նրա հետ աշխատելն ինձ համար եղել է մանկության երազանք: Նրա հետ աշխատելն ու խոսքեր գրելն անասելի աշխատանք էր»,- ասաց Ավետ Բարսեղյանը:
ԱՄՆ-ում բնակություն հաստատած Էմմին, ով վերջերս եկել էր Հայաստան՝ ելույթի ավարտին չկարողացավ զսպել արցունքներնն արտաբերելով. «Չգիտեմ, քեզ ոնց պատմեմ»:
Ելույթին նաև բեմել են Արա Մարտիրոսյանը, Էրիկ Կարապետյանը, Սիրուշոն, Արամ MP3-ին, Արամեն, Արսեն Սաֆարյանը, Անդրեն, Ռոբերտո Կել Տորեսը, Խորեն Լևոնյանը:
Համերգի ամենահուզիչ հատվածը Հայկոյի որդու՝ Արմանի մասնակցությամբ նկարահանված Հայկոյի հայտնի տեսանյութ-պատգամի շարունակությունն էր։
«Ես կարոտում ու սիրում եմ քեզ, պապ»,- ասաց Արման Հակոբյանը:
Հայկոյին նվիրված համերգի վերջում հայտնվել է նրա հոլոգրաֆիկ պատկերը և կատարել «Վերև» երգը, իսկ արտիստներն այդ շրջանում եղել են հանդիսատեսի կարգավիճակում:
Բուռն և հոտնկայս ծափերի ներքո Հայկոն հրաժեշտ է տվել հանդիսատեսին, ընկերներին և հարազատներին: