Ինչո՞ւ են Գյումրու հայտնի բրենդին դուրս թողել Գյումրու միջոցառումներից. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ են Գյումրու հայտնի բրենդին դուրս թողել Գյումրու միջոցառումներից. hraparak.am

Գյումրիում այս ամիս՝ օգոստոսի 20-ին եւ 27-28-ին, պետք է երկու մեծ միջոցառում տեղի ունենար, բայց մեկը չեղարկվել է, մյուսը՝ հետաձգվել։ Օգոստոսի 20-ին պետք է անցկացվեր գարեջրի փառատոն, որը կազմակերպում էր «ԷվենտՏուրա» ընկերությունը։ Բայց Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն օգոստոսի 16-ին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ փառատոնի անցկացումը հետաձգվում է՝ հընթացս իր ցավակցությունները հայտնելով «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցածի հետեւանքով զոհվածների հարազատներին: Դրանից հասկացանք, որ «Գարեջրի օր» անունը կրող փառատոնը հետաձգվում է տեղի ունեցած ողբերգության պատճառով։ Բայց ավելի ուշ պարզ դարձավ, որ փառատոնը ոչ թե հետաձգվում է, այլ չեղարկվում է, ու հայտնի չէ՝ այս տարի, առհասարակ, կկազմակերպվի՞, թե՞ ոչ։

Մեզ ասացին՝ փառատոնի չկայացման «հովանավորը» հենց Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն է, ով չի կարողացել ֆինանսական եւ այլ հարցերի շուրջ լեզու գտնել «ԷվենտՏուրա»-ի հետ։ Նաեւ Գյումրու մի շարք հայտնի ռեստորաններ են հրաժարվել մասնակցել այս նախագծին։
Մյուս մեծ միջոցառումը, որ պետք է տեւեր երկու օր՝ օգոստոսի 27-ին եւ 28-ին, հետաձգվել է։ Խոսքը «Երեւանի օրերը՝ Գյումրիում» եւ «Գյումու օր» միջոցառումների մասին է, որ տեղափոխվել են սեպտեմբերի 2-3-ին։ Սա էլ Երեւանի եւ Գյումրու քաղաքապետարանների համատեղ միջոցառումն է։ Հետաձգման պաշտոնական պատճառը դարձյալ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունն է։

Այստեղ ուշագրավն այն է, թե ովքեր են «ծաղկացնելու» Երեւանի օրերը Գյումրիում։ Այդ օրը Գյումրիում հանդես են գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ «Ռեինկարնացիա» խումբը, որոնք «Սիմֆոնիկ ռեինկարնացիա» խորագիրը կրող համատեղ ծրագրով են հանդես գալու։ Այսինքն՝ Երեւանից են երաժշտական խումբ հրավիրել, որ գա եւ զվարճացնի գյումրեցիներին, մինչդեռ Գյումրին ունի իր՝ արդեն բոլորին հայտնի դարձած ու մեծ ճանաչում ձեռք բերած բրենդը՝ «Հայաթը», որը երկու-երեք տարվա ընթացքում հասցրել է դառնալ Գյումրու բրենդը։ Բայց Գյումրու քաղաքապետարանը Hayat Prօject-ին ո՛չ դիմել է, ո՛չ հրավիրել։

Մեզ ասացին, որ պատճառը քաղաքական է ու շատ պարզ․ «Հայաթը», որը Գյումրու բարբառով երգող միակ հայտնի բրենդն է այս պահին, իր ղեկավար կազմի մակարդակով, եթե չասենք՝ ընդդիմադիր, ապա առնվազն ոչ իշխանական կամ ոչ «նիկոլական» հայացքներ է կրում, ուստի կոնկրետ մարդկանց ցուցումով որոշել են դուրս թողնել նրանց բոլոր հնարավոր պետական միջոցառումներից, այդ թվում՝ հանրայինի եթերն են փակել «Հայաթի» առջեւ։ Սա՝ այն դեպքում, երբ նույն հանրայինի գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը 2020 թվականի ամռանը Գյումրու Hayat Music Hall-ում մեծ ուրախությամբ մասնակցում էր «Հայաթի» մեկամյակին նվիրված փարթիին։ Ու չնայած պետական մակարդակով այսպիսի սահմանափակումներին՝ «Հայաթն» այսօր ամենապահանջված, խիտ գրաֆիկ ունեցող ու արդեն նաեւ ամենաթանկ վճարվող երաժշտական պրոյեկտներից է, որի համերգները միշտ լեփ-լեցուն դահլիճներում են անցնում՝ անկախ տոմսի արժեքից։ Ընդ որում, «Հայաթին» Գյումրիում տեղի ունեցող միջոցառումներին չեն հրավիրում, փոխարենը հրավիրում են Քաջարանի, Էջմիածնի, Վանաձորի կազմակերպած միջոցառումներին մասնակից դառնալու։

Hayat Prօject-ի պրոդյուսեր Վահե Կիրակոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Hayat Prօject-ին Գյումրու տոնի հետ կապված մասնակցության հարցում չի եղել։ Փոխարենը եղել է արդեն չեղարկված գարեջրի փառատոնի հետ կապված հարցում․ «Բայց մեր գրաֆիկը շատ ծանրաբեռնված է, մենք էդ օրը չենք ունեցել ոչ մի ազատ րոպե»։ Իսկ թե ինչպես է վերաբերվում Գյումրու բարբառով երգող հայտնի բրենդին Գյումրու տոնին մասնակից չդարձնելը, Վահե Կիրակոսյանն ասաց․ «Թույլ տվեք չմեկնաբանել»։

Զրուցեցինք նաեւ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի հետ։ Մեր հարցին, թե ինչու «Հայաթին»՝ որպես Գյումրու հետ ասոցացվող երաժշտական նախագծի, հրավեր չի եղել՝ մասնակցելու քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին, Թովմասյանն ասաց․ «Ի սկզբանե «Գյումրու օր» եւ «Երեւանի օրերը՝ Գյումրիում» տոնակատարությունները կառուցվել են «Սիմֆոնիկ ռեինկարնացիա» նախագծի շրջանակներում։ Սա «Երեւանի օրերը՝ Գյումրիում» տոնակատարության անմիջական միջոցառումն է, որը երկու քաղաքների միջեւ բարեկամության խորհրդանշական քայլ է, եւ իրենք են որոշել, թե հատկապես որ համերգային ծրագրով պետք է լինեն այդ օրը Գյումրիում»։

Իրենց կողմից ցանկություն չի՞ եղել, որ Գյումրու ստեղծագործական խմբերին եւս ներգրավեն քաղաքի օրվա միջոցառումներին։ Թովմասյանն ասաց՝ պետական ստեղծագործական բոլոր խմբերը «Գյումրու օր» տոնակատարությանը մասնակցում են։ «Բացի դրանից՝ մենք ունենք նաեւ փոքր բեմահարթակ, որը տեղադրվելու է Թատերական հրապարակում, որին մասնակցելու են մանկական եւ երիտասարդական ստեղծագործական խմբերը, մնացյալ մասով որեւէ բեմահարթակ քաղաքում չկա, եւ պետք է հասկանանք նաեւ, ու ինչի մասին որ հիմա խոսում ենք՝ այն բեմահարթակը, որը որպես մանկական բեմահարթակ հավաքվում է, տրամաբանորեն՝ ոնց որ ֆորմատների տարբերության մասին ենք խոսում»,- ասաց Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյան՝ ընդունելով, որ «Հայաթը» դժվար թե այդ ֆորմատով հանդես գա։

hraparak.am