Միջազգային դիվանագետների այցն Արցախի օկուպացված տարածքներ պետք է համապատասխան արձագանք ստանա և ամրագրվի որպես օրենքի խախտում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ թուրք-ադրբեջանական տանդեմը միջազգային դիվանագետների այց է կազմակերպել Արցախի օկուպացված տարածքներ։ Ընդ որում, պատվիրակությունը Անկարայի օդանավակայանից թռչել է Ֆիզուլի։
Մետաքսե Հակոբյանը հիշեցնում է, որ Արցախի ԱԺ-ն օրենք էր ընդունել «Արցախի բռնազավթված տարածքների մասին», որով արգելվում էր օտարերկրյա դիվանագետների կամ ներկայացուցիչների, արտասահմանյան կազմակերպությունների այցն Արցախի օկուպացված տարածքներ՝ առանց Արցախի իշխանություններ թույլտվության:
Նրա արձանագրմամբ միջազգային դիվանագետների այս այցը օկուպացված տարածքներ օրենքի խախտում է, որը պետք է արձագանք ստանա Արցախի համապատասխան մարմինների կողմից.
«Երբ քո հայրենիքի տարածքները բռնազավթել է թշնամին, իսկ դու պետականություն ունեցող երկիր ես, պետք է նման խախտումներն օրինական դաշտ բերես: Մենք բազմիցս դիմել ենք Դատախազություն՝ հասկանալու ՝ ինչո՞ւ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում նման դեպքերում, գոնե օրենքով պետք է արձանագրենք խախտումը՝ թեկուզ պատմության համար, կամ հետագայում մեր հայրենիքը հետ վերադարձնելու համար դրանք որպես փաստ պետք է օգտագործվեն: Արցախի ԱԺ ընդունած օրենքով հստակ ամրագրված է, որ պետք է ցանկացած դիվանագիտական կամ քաղաքական դեմքի այցի մասին Արցախի իշխանությունները տեղյակ լինեն, թույլտվություն լինի, ինչը մեզ մոտ չի արվում, իսկ Արցախի իշխանությունն էլ որևէ կերպ չի արձագանքում, օրենքը կա, բայց չի կիրառվում, սա անընդունելի է»,- ասաց Հակոբյանը: