Ճապոնական հայտնի «Վիկտոր Էնթերթեյնմենթ» կազմակերպության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարմամբ ձայնասկավառակ թողարկելու և գովազդային հոլովակ նկարահանելու համար: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագ ահՏիգրան Հեքեքյանը և «Վիկտոր Էնթերթեյնմենթ» կազմակերպության պրոդյուսեր Հիրոշի Նագանոն փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին իրենց համագործակցության և ծրագրերի մասին: «Չորս օրվա ընթացքում ճապոներենով տասը ստեղծագործություն ենք ձայնագրելու: Աշխատանքային գործընթացը նկարահանվելու է գովազդային հոլովակ ստեղծելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Տիգրան Հեքեքյանը:
Հիրոշի Նագանոյի խոսքով` իրենք երգչախմբի կատարումները լսել են ճապոնական հաղորդումներից մեկում և շատ են տպավորվել և ցանկացել են, որ հայ երգչախումբը կատարի նաև իրենց երկրում հայտնի ճապոնական երգերը: «Երգչախումբը ներկայացնելու է փոփ երգեր, որոնք Ճապոնիայում սիրում են և՛ մեծահասակները, և՛ երիտասարդները: Այդ երգերը մեզ մոտ հիթեր են. կարծում եմ, որ հայ երեխաները յուրովի կմատուցեն ճապոնական ստեղծագործությունները, և նոր մոտեցումը դուր կգա հանրությանը: Մեզ հետ ժամանել է նաև գործիքավորողը, որը երգերը երգչախմբային գործեր է դար ձրել»,- ասաց պրոդյուսերը:
Մաեստրո Հեքեքյանի խորհրդով ճապոնացիներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան, Մատենադարան, Գառնի, Գեղարդ: Այցելությունների ընթացքում նկարահանված կադրերը նույնպես ընդգրկվելու են հոլովակում: «Ճապոնիան դարերի պատմություն ունի, բայց մենք շատ ենք տպավորվել Հայաստանի մշակութային ժառանգությամբ, քաղաքակրթությամբ: Պատմության թանգարանում շրջելիս սկսեցինք մտածել, որ գուցե քաղաքակրթությունը սկսվել է հենց Հայաստանից»,-պատմեց Հիրոշի Նագանոն:
Տիգրան Հեքեքյանն ասաց, որ ճապոնացիները շատ համեստ են, և ինքը կարևորում է, որ նրանք անում են ամեն բան իրենց մշակույթը ճանաչելի դարձնելու, այլ երկրների մշակույթին իրենց հասարակությանը ծանոթացնելու համար: Մաեստրոն ընդգծեց, որ այս և այլ համագործակցությունների ընթացքում ֆինանսական ծախսերը հոգում են ճապոնացիները:
Պրոդյուսեր Նագանոյի խոսքով`ձայներիզը վաճառքում կլինի մարտին: «Մենք մի քանի օր առաջ ներկա ենք եղել «Փոքրիկ երգիչներ»-ի մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը, որը մեզ իսկապես դուր է եկել: Ցանկանում ենք, որ նրանց ձայնն աշխարհով մեկ տարածվի»,-նշեց նա:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը բազմիցս համագործակցել են ճապոնացիների հետ: Հեքեքյանը կարծում է, որ հայերը ճապոնացիներից ճշտապահություն և աշխատասիրություն պետք է սովորեն:
JVC Kenwood Entertainment Corporation` նախկինում Victor Entertainment, Inc. և Victor Music industries, JVC Kenwood-ի դուստր ձեռնարկությունն է, որը երաժշտության, ֆիլմերի, շոուների արտադրությամբ և տարածմամբ է զբաղվում:
Հայաստանի փոքրիկ երգիչներ, միջազգային մրցույթների դափնեկիր, «Եվրոպայի մշակույթի դեսպան» տիտղոսակիր մանկապատանեկան երգչախումբը հիմնադրվել է 1992 թվականի նոյեմբերի 6-ին։ Այն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում։ Մասնակցում է միջազգային փառատոնների, մեծ նշանակություն ունեցող պետական ծրագրերի և բարեգործական համերգների։ Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը։ Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է խմբավար, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը։