Ինչո՞ւ է Հայաստանի համար այդքան կարևոր Փոթիից Կովկաս լաստանավային փոխադրումը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է Հայաստանի համար այդքան կարևոր Փոթիից Կովկաս լաստանավային փոխադրումը

Փոթիի նավահանգստից Կովկասի նավահանգիստ լաստանավային հաղորդակցության գործարկումը չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Այն կարող է ժամանակավոր այլընտրանք լինել Վերին Լարսին և թույլ տալ բեռնափոխադրողներին ապրանքը Հայաստանից Ռուսաստան հասցնել։

Միայն թե ինչո՞ւ մինչ օրս լաստանավային փոխադրումը չի գործարկվել։ Ի՞նչն է խանգարում նախագծի իրականացմանը։

Լաստանավային փոխադրումը պետք է գործեր հունիսի 15-ից, սակայն մեկնարկի օրը մի քանի անգամ հետաձգվել է։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ խնդիրը հակառուսական պատժամիջոցներն են։ Փոթիի նավահանգիստը կառավարում է հոլանդական APM Terminals-ի դուստր ձեռնարկությունը, որը պետք է թույլտվություն տա, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել։

1.5 ամիս անց` օգոստոսի սկզբին, նախարարը կրկին հայտարարեց, որ առաջիկայում լաստանավային հաղորդակցությունը կսկսի գործել և խոստացավ մի քանի օրվա ընթացքում հրապարակել ժամանակացույցը։ Սակայն ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսն առայսօր տեղի չի ունեցել։

Օգոստոսի 23-ին էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ տեղյակ չեն` երբ կգործարկվի լաստանավային հաղորդակցությունը։ Պարզվեց, որ թույլտվության բացակայությունից բացի, չլուծված հարցեր կան նաև Հայաստանում, այն է` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դեռ պայմանագիր չի կնքել լաստանավային օպերատոր հանդիսացող` տեղի C&M International լոգիստիկ կազմակերպության հետ։

Ինչո՞ւ է լաստանավային փոխադրումն այդքան կարևոր

Փոթի-Կովկաս երթուղին «Վերին Լարս» անցակետի 7 այլընտրանքային ճանապարհներից մեկն է համարվում։

Բանն այն է, որ Ռազմավիրական ճանապարհով անցնող ուղին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ձմռանը պարբերաբար փակվում է։ Աննախադեպ էր իրավիճակն այս ամառ, երբ մի քանի հազար բեռնատար Վրաստանի տարածքում արգելափակված էին մնացել բազմակիլոմետրանոց հերթերում։

Այդ ընթացքում սկսվեց ակտիվորեն քննարկվել այլընտրանքային երթուղիներ գտնելու թեման։ Պետությունը խոստացավ բիզնեսի համար սուբսիդավորել լաստանավային առաջին կես տարվա ծախսերը` պարտավորվելով յուրաքանչյուր փոխադրման համար 120 հազար դոլար վճարել։ 50 բեռնատար և 40 վագոն տարողունակությամբ լաստանավը պետք է գործեր շաբաթական երկու անգամ։

Ենթադրվում էր, որ Հայաստանից բեռները երկաթգծով կամ բեռնատարներով կհասցվեին Փոթի, որտեղից էլ կոնտեյներներով` լաստանավ, մինչև ՌԴ-ի Կովկաս նավահանգիստ և ՌԴ-ի այլ քաղաքներ։ Լաստանավային փոխադրումից առաջին հերթին կկարողանային օգտվել միրգ-բանջարեղեն արտահանողները, որոնց սեզոնային փոխադրումների ծավալը դեպի Ռուսաստան հունիսից կտրուկ ավելացել են։

Սակայն այդ ամենը տեսականում է, իսկ գործնականում…

Տեսանյութը՝ այստեղ

armeniasputnik.am