Ինչպես Մարադոնան «Աստծո ձեռքի» օգնությամբ փրկեց իտալացի ապագա ռեժիսորի կյանքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես Մարադոնան «Աստծո ձեռքի» օգնությամբ փրկեց իտալացի ապագա ռեժիսորի կյանքը

«Աստծո ձեռքի» առաջին հայտնությունը

1986 թվական, 22-ը հունիսի, Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտ: Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: Արգենտինա-Անգլիա խաղ: Երկրորդ խաղակես, 51-րդ րոպե: Դիեգո Մարադոնան գնդակով շարժվում է խաղադաշտի կենտրոն, մոտենում տուգանային հրապարակին: Կարճ փոխանցումով պատ է խաղարկում Խորխե Վալդանոյի հետ: Անգլիացիներից՝ Սթիվ Հոջը պայքարում է գնդակը Վալդանոյից խլելու համար: Նրա ոտքին դիպչելով՝ գնդակը կորագծով կախվում է տուգանային հրապարակի վրա: Շիլթոնը, պայքարում է հրապարակ ներխուժած Մարադոնայի դեմ: Կարճահասակ Մարադոնան աներևակայելի թռիչով հասնում է գնդակին ու…..գոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոլ: Մինչ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները ցնծում են, անգլիացիները բողոքում են, որ գնդակը Մարադոնան ոչ թե գլխով, այլ ձեռքով է դարպասն ուղարկել: Գնդակը գրանցվում է: Զարգացնելով հաջողությունը՝  Մարադոնան ևս մեկ հրաշալի գոլ է խփում չորս րոպե անց: Անգլիացիներն այդպես էլ ուշքի չեն գալիս և պարտվում են 2:1 հաշվով: Իսկ Մարադոնայի առաջնորդությամբ Արգենտինան տուն է տանում աշխարհի գավաթը: Հետխաղյա ասուլիսին Մարադոնան հայտարարում է, որ գոլը դարպասն է ուղարկել մասամբ գլխով, մասամբ Աստծո ձեռքի օգնությամբ:

«Աստծո ձեռքն» ու Մարադոնայի «օրհնված» ոտքը Նեապոլում

Ֆուտբոլային այս տարօրինակ, սակայն պատմական իրադարձությունն, իհարկե նաև դրան նախորդող տարիներին ֆուտբոլի համաշխարհային աստղ Դիեգո Մարադոնայի խաղը չէին կարող չհիացնել ֆուտբոլասերներին: Հատկապես իտալացիներին  ու հատկապես իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբի երկրպագուներին: Մարադոնան «Բարսելոնայից» «Նապոլի» էր տեղափոխվել  1984 թվականին: Այդ, մինչև վերջ, անհավատալի տրանսֆերը, ցնցել էր նեապոլցիներին: Ֆուտբոլիստի առաջին այցի օրը, երկրպագուները նրան օդանավակայանից մինչ քաղաք ձեռքերի վրա տարան:  Ֆուտբոլային առաջին կարգի աստղի հայտնությունը իտալական հոգսաշատ քաղաքում դառնում է մեծ ներշնչման աղբյուր նեապոլցիների համար ու կյանքի լավ փոփոխությունների խորհրդանիշ: Անտեսանելի, բայց զգալի աստվածային ձեռք, որ կարող է միավորել մարդկանց, ոգևորել նրանց ու նոր՝ մեկ այլ կյանքի հույսեր ներշնչել:

Ձեռքը՝ փրկիչ

Այս իրադարձությունների ականատես ու մասնակից նեապոլցի այսօր արդեն աշխարհահռչակ ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Աստծո ձեռքը»(2021 թ.) ինքնակենսագրական ֆիլմն, իրականում Մարադոնայի մասին չէ, այլ այն ներշնչանքի, որ պարգևում է Մարադոնայի խաղը նեապոլցի երիտասարդ Ֆաբիոյին, և ոչ միայն այդ. Նեապոլում հայտնված Մարադոնայի խաղերից մեկին ներկա գտնվելու որոշումը, ուղղակիորեն փրկում է հերոսին մահից: Մարադոնայի կերպարին հպանցիկ, փոքր-ինչ հեգնանքով, սակայն մեծ սիրով, Սորենտինոն անդրադառնում է նաև իր հանրահայտ «Երիտասարդություն» ֆիլմում:

Ռեժիսորի համար սա հարգանքի տուրք է մեծ ֆուտբոլիստին, միաժամանակ, սեփական կենսագրությունը անընդհատ շոշափելու, հասկանալու ցանկության արտահայտություն: Ի՞նչն է ռեժիսորին, նաև մեզ դարձրել այնպիսին, ինչպիսին կանք: Կարողանո՞ւմ ենք մենք մեր հոգսաշատ առօրյայում, վազքի մեջ, տեսնել ու զգալ Աստծո, տիեզերքի կամ ճակատագրի ներկայությունն ու մասնակցությունը մեր կյանքում: Կարողանո՞ւմ ենք կյանքի աղմուկների մեջ լռություն գտնել ու լսել մեր ներքին ձայնը:

Կյանքի աղմուկն ու լռությունը

Քաղաքի ձայների ու աղմուկների պատկերով է սկսվում «Աստծո ձեռքը» ֆիլմը, և ամբողջ ընթացքում դիտողն անընդհատ աղմուկի ու լռության միջև է: Շատախոս հերոսների կողքին, տեսնում ենք նաև լուռ մարդկանց, որոնք խոսում են հազվադեպ, բայց դիպուկ: Խորհրդանշական է այն պատկերը, երբ ֆիլմի հերոսուհիներից մեկը ծովն է նետում կոկորդի հիվանդության պատճառով ձայնից զրկված, սակայն անընդհատ էլեկտրական սարքի միջոցով շաղակրատող մարդու խոսելու գործիքը: Սակայն սա շատախոսների քննադատություն չէ. թե՛ աղմուկի, և թե՛ խոսքի չընդհատվող հոսքի մեջ մարդիկ խեղդում են իրենց ողբերգությունները: Գլխավոր հերոսը, որ ֆիլմի ամբողջ ընթացքում ականջակալներով է, կարողանում է խուսափել շատախոսության գայթակղությունից, իր լռության մեջ գտնել աստվածային ներկայությունը: Կարողանում է հաղթահարել ողբերգությունը, գտնել ու շոշափել իր համար կանխորոշված ճանապարհն ու առաքելությունը:

Աննկատ ու ճակատագրական գեղեցկությունները

Ինչպես Պաոլո Սորենտինոյի մյուս հայտնի ֆիլմերում՝ «Մեծ գեղեցկություն», «Երիտասարդություն», «Երիտասարդ պապը», այստեղ էլ՝ խայտաբղետ, աղմկոտ, անճոռնի, հաճախ վուլգարության հասնող կյանքի պատկերներում ռեժիսորը կարողանում է գտնել ու ներկայացնել այն նուրբ հոգևոր թելերը, որոնք մարդկանց ազնվացնում են, սրբացնում նրանց տառապանքը և կապում Արարչի հետ: Սորենտինոյի ֆիլմերը հմայում են այսօր աշխարհին ու մարդկանց շատ պակասող էսթետիզմով, խիզախությամբ ու ռոմանտիկական ապրումներով, որոնք դիտողին կտրում են իրականությունից ու կյանքի հոսքի մեջ մտածել տալիս աննկատ, սակայն ճակատագրական ու հավերժական գեղեցկությունների մասին:

art365.am