Կարո՞ղ են արդյոք ձայները բթացնել ցավը
Advertisement 1000 x 90

Կարո՞ղ են արդյոք ձայները բթացնել ցավը

Եթե ​​երբեւէ թվացել է, որ ձեր սիրած երգը լսելիս ավելի լավ եք Ձեզ զգում, նոր գիտական ​​ապացույցները վկայում են այն մասին, որ դա պարզապես ձեր երեւակայությունը չէ:

Իրականում ոչ միայն երաժշտությունը ցավազրկող ազդեցություն ունի։ Հետազոտողները պարզել են, որ շատ տեսակի ձայներ եւ աղմուկներ կարող են օգնել, եթե հնչում են ճիշտ բարձրությամբ։

Երաժշտաբուժությունը տասնամյակներ շարունակ օգտագործվել է վիրահատությունից հետո, ծննդաբերության ժամանակ, ինչպես նաեւ քաղցկեղի բուժման ընթացքում ցավը կառավարելու համար:

Բայց թե ինչո՞ւ է դա տեղի ունենում, դեռ լիովին պարզ չէ: Որոշ տեսություններ ենթադրում են, որ ձայնի անալգետիկ ազդեցությունը հոգեբանական բնույթ է կրում, այսինքն՝ այն հանգստացնում կամ շեղում է մարդուն ցավից:

Science ամսագրում հրապարակված հոդվածը կարող է լույս սփռել ուղեղի ներքին աշխատանքի վրա՝ բացահայտելով այդ ցավազրկող էֆեկտի հիմքում ընկած սխեման:

«Ձայնի հարաբերական ինտենսիվությունը կարող է որոշակի դեր խաղալ ցավի նվազեցման գործում: Ցածր ինտենսիվության ձայնը կարող է ապաակտիվացնել աուդիո-սոմատոզենսորային ուղին եւ դրանով իսկ ակտիվացնել սոմատոսենսորային թալամուսը», – բացատրում է Ատամնաբուժական եւ գանգուղեղային հետազոտությունների ազգային ինստիտուտի զգայական կենսաբանության եւ ցավի ոլորտում հետազոտող, հետազոտության համահեղինակ դոկտոր Յուանյուան ​​Լյուն։

Դա նշանակում է, որ ցածր ձայնով հնչող աղմուկը բթացնում է ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ցավի ազդանշանների համար:

Հետազոտության ընթացքում գիտնականները մկներին լուծույթ են ներարկել, որը դիսկոմֆորտ է առաջացրել նրանց թաթի մեջ։ Այնուհետեւ նրանք տարբեր ինտենսիվության տարբեր ձայներ են միացրել՝ հաճելի երաժշտությունից մինչեւ սպիտակ աղմուկ, եւ հետեւել են կրծողների վարքագծի փոփոխություններին:

Այն, ինչ նրանք տեսել են, ըստ Լյուի, վկայում է այն մասին, որ հնչյունները «նվազեցնում էին թաթերի ռեֆլեքսային հեռացումը եւ զզվանքը ցավոտ գրգռիչների նկատմամբ, որոնք կրծողների մոտ ցավազրկման ցուցանիշներ են»: Այլ կերպ ասած, պարզվել է, որ հնչյուններն օգնում են նվազեցնել ցավը մկների մոտ։
Հետազոտողների կարծիքով՝ ցավը նվազեցնելու իդեալական բարձրությունը սենյակի աղմուկից ընդամենը 5 դեցիբելն էր:

med.news.am