«Եվրատեսիլ-2017» միջազգային երաժշտական մանկական մրցույթը կկայանա Վրաստանում: Այդ մասին հայտարարվել է Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում, որին մասնակցել են Վրաստանի Հանրային հեռուստատեսության ներկայացուցիչները, էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Քեթևան Բոչորիշվիլին, Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Գեորգի Չոգովաձեն և մանկական «Եվրատեսիլ-2017» նախագծի ղեկավար Սերգի Գվարջալաձեն:
Հանրապետությունը թվով 15-րդ մրցույթը կընդունի ընթացիկ տարվա նոյեմբերին: Մանկական «Եվրատեսիլը» Վրաստանում անցկացնելու որոշումը պայմանավորված է նրանով, որ այդ երկրի ներկայացուցիչները առավել հաճախ են (երեք անգամ) դարձել մրցույթի հաղթողներ:
Գվարջալաձեն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Վրաստանն ամեն ինչ կանի, որպեսզի համապատասխանի մրցույթի բարձր ստանդարտին և ուրախացնի բոլոր այն երեխաներին, որոնք երկիր կժամանեն երաժշտական այդ տոնին մասնակցելու համար»:
«Մենք կառաջարկենք բարձր որակի հեռուստաարտադրանք, որը հետաքրքիր կլինի թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների, թե՛ հեռուստաինդուստրիայի համար»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: