Եթե մարդն առավոտյան արթնանում է եւ նրա ձեռքերն այտուցված են, դաստակները քարացած են, ապա կարելի է վահանաձեւ գեղձի պաթոլոգիա կասկածել։ Անհրաժեշտ հետազոտությունները կատարելուց հետո այդ ախտորոշումը կհաստատվի կամ մասնագետները կշարունակեն որոնել պատճառները։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ռուս հայտնի էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան։
«Եթե սկզբում ուռում է մարդու դեմքը, աչքերի տակ պարկեր են հայտնվում, հետո այտուցը կարծես տարածվում է ամբողջ մարմնով, ապա առաջին հերթին ստուգում ենք երիկամները։ Այտուցները կարող են տեղային լինել, օրինակ՝ ոտքերի այտուցը: Այս դեպքում պետք է նաեւ նախ նայել սիրտը եւ սրտանոթային համակարգը»,- պարզաբանել է մասնագետը։
Բժիշկ Պավլովայի խոսքով՝ այտուցներ են լինում նաեւ սննդի մեջ սպիտակուցի պակասի հետ կապված, որպես կանոն՝ ծայրահեղ դիետաների դեպքում։
Առանց սպիտակուցի անհնար է արյան հեղուկ մասը պահել անոթներում, եւ այն ներխուժում է հյուսվածքների մեջ՝ այտուց առաջացնելով։
«Ընդհանրապես այտուցները կարող են զարգանալ շատ մեծ քանակությամբ պաթոլոգիաների դեպքում:
Շատ հաճախ այտուցներ առաջանում են սրտանոթային հիվանդությունների դեպքում։
Այտուցները կարող են տարիներ տեւել, կարող են նաեւ արագ մահվան հանգեցնել, օրինակ՝ թոքային այտուցի դեպքում: Այտուցներ կարող են զարգանալ ալերգիկ ռեակցիաների, վարակիչ հիվանդությունների, այրվածքների ֆոնին։ Այտուցներ առաջանում են, երբ օրգանիզմում ջրի պակաս կա, երբ մարմինը հեղուկը կենտրոնացնում է միջբջջային տարածությունում։
Ամեն դեպքում, միզամուղներով դրանց դեմ պայքարել չի կարելի, պետք է դիմել բժշկի եւ վերացնել պատճառը։ Միզամուղ միջոցների չմտածված օգտագործումը երիկամների հյուսվածքի անդառնալի օրգանական փոփոխությունների եւ նույնիսկ սրտի կանգի է հանգեցնում»,- եզրափակել է էնդոկրինոլոգը։