Որովայնի վերին հատվածում ցավերի ամենատարածված պատճառը ֆունկցիոնալ դիսպեպսիան է, այսինքն՝ ստամոքսի բնականոն գործունեության խախտումը, «Մոսկվա 24»-ին ասել է գաստրոէնտերոլոգ, ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ Յուլիա Ալեքսեեւան։
«Ֆունկցիոնալ դիսպեպսիա կարող է զարգանալ ուտելու խանգարումների, սթրեսի, դեղորայքի, ծխելու եւ ալկոհոլի չարաշահման պատճառով: Կյանքում ցանկացած փոփոխություն կարող է սադրիչ գործոն դառնալ, անգամ՝ ժամային գոտիների փոփոխությունը կամ տեղափոխությունը»,- նշել է բժիշկը։
Դիսպեպսիայի ժամանակ ցավը հաճախ տնքացող բնույթ է կրում, երբեմն ուղեկցվում է սրտխառնոցով, փորկապությամբ եւ այրուցքով: Դուք կարող եք նաեւ անհանգստություն, քրտնարտադրություն եւ սրտի բաբախյունի հաճախության ավելացում զգալ:
Մասնագետի խոսքով՝ ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցը նույնպես հաճախ որովայնի վերին հատվածում ցավեր է հրահրում։ Ընդ որում, այն բավականին ինտենսիվ, երբեմն ծակող բնույթ ունի: Հայտնվում է ուտելուց հետո, կարող է ուղեկցվել սրտխառնոցով եւ փսխումով։
Որովայնի վերին հատվածի ցավի մեկ այլ տարածված պատճառն աղիքային վարակն է: Այն զարգանում է անորակ սնունդ ընդունելուց հետո 48 ժամվա ընթացքում։ Այն ուղեկցվում է նաեւ սրտխառնոցով, փսխումով, փորլուծությամբ եւ ջերմությամբ։
Որովայնի շրջանում տհաճ զգացողություններ կարող են լինել լեղապարկի պաթոլոգիաների դեպքում, ինչպիսիք են խոլեցիստիտը (լեղապարկի բորբոքում) կամ լեղաքարային հիվանդությունը: Ընդ որում, ցավը կարող է լինել ինչպես տնքացող, այնպես էլ սուր՝ կախված հիվանդության աստիճանից։
Երբեմն պատճառը կարող է լինել սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրները: Սրտամկանի ինֆարկտի որովայնային ձեւի դեպքում որովայնի ցավը ուժեղ է եւ առաջանում է հանկարծակի: Մարդու մաշկը գունատվում է, առաջանում է քրտնարտադրություն։ Այդպիսի ախտանիշների դեպքում պետք է շտապ օգնություն կանչել։