Միլիարդատիրոջ առևանգված թոռնուհուն սպանված են գտել
Advertisement 1000 x 90

Միլիարդատիրոջ առևանգված թոռնուհուն սպանված են գտել

ԱՄՆ-ում հակասություններ են ծագել հանցավորության դեմ պայքարի և կանանց իրավունքների պաշտպանության մեթոդների շուրջ այն բանից հետո, երբ ոստիկանությունը հայտնաբերել է Էլիզա Ֆլետչերի՝ մեմֆիսցի միլիարդատիրոջ ժառանգորդուհու դիակը, որը տարրական դպրոցի ուսուցչուհի էր աշխատում: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

34-ամյա Ֆլետչերը անհետացել էր անցյալ ուրբաթ օրը, երբ առավոտյան ժամը 4:00-ին դուրս էր եկել վազքի Թենեսիի նահանգի Մեմֆիսի համալսարանի մոտ: Փողոցային հսկողության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Էլիզա Ֆլետչերին մոտենում մի տղամարդ և նրան ուժով հրում սև ամենագնացի մեջ:

Ֆլետչերի մարմինը հայտնաբերվել է երկուշաբթի օրը դատարկ կիսակառույց տան հետևում:

Ֆլետչերը երկու փոքր երեխա ուներ։ Նա աշխատում էր դպրոցում՝ չնայած տեղի միլիարդատեր ձեռնարկատիրոջ թոռնուհին էր։

Շաբաթ օրը ոստիկանությունը ձերբակալել է 38-ամյա Քլեոտա Էբսթոնին, որի ԴՆԹ-ն հայտնաբերվել է մի զույգ կոշիկի վրա այն վայրում, որտեղ վերջին անգամ տեսել էին Ֆլետչերին: Աբսթոնին մեղադրանք է առաջադրվել առևանգման և սպանության համար։ Նա հայտնի էր ոստիկանությանը, քանի որ վերջերս 20 տարվա ազատազրկում էր կրել Մեմֆիսի փաստաբան Կեմպեր Դյուրանդին առևանգելու համար։ Էբսթոնն ընդամենը 16 տարեկան էր, երբ 2000 թվականին զենքի սպառնալիքով փակել էր Կեմպերին իր մեքենայի բեռնախցիկում, իսկ հետո ստիպել նրան գումար հանել բանկոմատից: Այս հանցագործության համար Էբսթոնը պետք է բանտում անցկացներ 24 տարի, սակայն ժամկետից շուտ ազատ էր արձակվել։

Էլիզա Ֆլետչերը վարում էր համեստ կյանք և աշխատում էր որպես ուսուցչուհի՝ չնայած այն հանգամանքին, որ նրա ընտանիքին է պատկանում Orgill-ը՝ կենցաղային ապրանքների խոշոր դիստրիբյուտորը, որն ունի ավելի քան 5000 աշխատակից: Ընկերությունը, որը հիմնադրել է Էլիզա Ֆլետչերի պապը՝ Ջո Օրգիլը, գնահատվում է 3 միլիարդ դոլար։

Էլիզա Ֆլետչերի սպանությունը Twitter-ում մեկնաբանությունների բուռն առիթ է տվել։ Մասնավորապես, պահպանողական հայացքների կողմնակիցները գրում են, որ Էբսթոնի նման հանցագործներին չպետք է երկրորդ հնարավորություն տալ և պետք է խստացնել հանցագործության դեմ պայքարի մեթոդները։

Մյուսները հրապարակում են Fox News հեռուստաընկերության հաղորդավար Թակեր Կառլսոնի խոսքերն այն մասին, որ Մեմֆիսը վտանգավոր քաղաք է, և Էլիզան չպետք է առավոտյան ժամը 4-ին դուրս գար վազքի: Սրան ի պատասխան՝ շատ կանայք վրդովմունք են հայտնել և վազքի հագուստով սելֆիներ են հրապարակում՝ ի նշան հանգուցյալի հետ համերաշխության։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, սեպտեմբերի 3-ի առավոտյան Էլիզային ուժով նստեցրել էին մուգ գույնի ամենագնաց և տարել անհայտ ուղղությամբ։ Առևանգվածի ընտանիքը 50 հազար դոլար էր առաջարկել նրա գտնվելու մասին տեղեկության համար։ Կասկածյալին ձերբակալել էին, սակայն Էլիզային դեռ չէին գտել։

shantnews.am



Նման նյութեր