Ամենօրյա սննդակարգում ջրի առկայությունը պարտադիր է։ Դրա դեֆիցիտի դեպքում կարող են առողջական խնդիրներ ի հայտ գալ։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում ասել է ներզատաբան Անտոն Պոլյակովը՝ ընդգծելով, որ ջուրն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով։
«Այն նպաստում է ավելորդ հեղուկի դուրսբերմանը, ախորժակի վերահսկմանը, արյան վիճակի կարգավորմանն ու տոքսինների դուրսբերմանը», – բացատրել է բժիշկը։
Նրա խոսքով՝ օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ ջրի քանակությունը կարելի է հեշտությամբ հաշվարկել մի պարզ բանաձևի միջոցով, համաձայն որի՝ մարմնի զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց հարկավոր է 30 մլ ջուր խմել։
«Եթե մարդու քաշը 100 կգ է, ապա հարկավոր է օգտագործել առնվազն երեք լիտր ջուր։ Սա ներառում է նաև այն, որը պարունակվում է սննդամթերքի՝ մրգերի ու բանջարեղենի մեջ», – նշել է Պոլյակովը՝ հավելելով, որ ջուր խմելու ցանկությունը մեծացնելու համար կարելի է դրան կիտրոն կամ լայմ ավելացնել։
Մասնագետի խոսքով՝ սննդակարգում ջրի պակասը կարող է դանդաղեցնել նյութափոխանակությունը և հանգեցնել օրգանիզմի ինտոքսիկացիայի ու արյան թանձրացման։ Հարկ է հիշել, որ հեղուկի չարաշահումը ևս կարող է բացասաբար անդրադառնալ օրգանիզմի վրա։ Օրինակ՝ չափազանց մեծ քանակությամբ ջրի գործածությունը կարող է դառնալ զարկերակային գերճնշման հետ կապված խնդիրների, այտուցների և հորմոնալ համակարգի աշխատանքի խանգարման պատճառ։