Մկրտվել կարող ես միայն մեկ անգամ…
Advertisement 1000 x 90

Մկրտվել կարող ես միայն մեկ անգամ…

Ծնվե՞ց, իսկ ի՞նչ անուն եք ընտրել, քառասունքից ե՞րբ դուրս կգա, ե՞րբ կմկրտեք…

Հաջորդական հարցեր, որոնք հնչում են մեր առօրյայում և բնական երևույթներ են մեր իրականության մեջ: Կան շատ իրողություններ, որոնք սերնդեսերունդ փոխանցվել, արմատացել և դարձել են ազգային, ավանդական: Դրանցից շատերն ունեն խորը հոգևոր նշանակություն, որոնց կրողը պետք է լինի յուրաքանչյուր քրիստոնյա, դա հոգևոր ժառանգություն է, որով պետք է հարստացնենք մեր գիտելիքները: Նախահիմք հանդիսացող պատմություններ պետք է փնտրել յուրաքանչյուր իրավիճակում, քանի որ մեզանում ընդունված նորմերի մեծ մասը խորհուրդ ունի, որոնց տեղյակ պետք է լինենք: Օրինակ, անունը կարևոր նշանակություն ունի մարդու կյանքում. մկրտելիս Հայ Առաքելական եկեղեցին նաև անվանափոխության կարգ է կատարում:

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը հիշեցրեց, որ ի սկզբանե երեխային մկրտել են 8 օրական հասակում և մինչև ութ օրական երեխան անուն չի ունեցել, կամ գոնե արդեն որոշած են եղել քահանայի հետ, և ավազան մտցնելու պահին քահանան անվանակոչել է երեխային որևէ սրբի անվամբ: «Այսօր, երբ շատ դեպքերում գալիս են օտարածին անուններով, բնականաբար, քահանայի ցանկությամբ, նաև համաձայնեցնելով ծնողների հետ, օտարածին անունները փոխվում են, բայց այս դեպքում անվանափոխությունը կատարվում է միայն հոգևոր առումով, աշխարհիկ կյանքում անձը չի փոխում իր անունը: Եթե ցանկանում է, օրենքով սահմանված կարգով կարող է փոխել անունը ՝ վերցնելով մկրտության անունը», – ասաց Տեր Շմավոնը` նշելով, որ մկրտությունից հետո վկայականների մեջ փակագծերում նոր անունը միշտ նշվում է:

Անվանումից հետո կարևոր խորհուրդ ունի նաև մանկան քառասունքը:

«Երեխայի ծնունդից հետո քառասուներորդ օրը երեխային բերում են եկեղեցի՝ առաջին օրհնությունը ստանալու: 40-րդ օրվա աղոթքը նախ վերաբերում է մորը: Առաջներում մայրը եկեղեցու դռան առջև մինչև եկեղեցի մտնելը քառասուն անգամ ծնկի էր գալիս, քահանան օրհնում, աղոթք էր անում, որից հետո մտնում էին եկեղեցի: Խորհուրդը հետևյալն է. նախ, մայրը ստանում է արտոնություն՝ մաքրվելուց հետո տաճար մտնել, իսկ երեխայի պարագայում՝ ինչպես քառասնօրյա Քրիստոս մանկանն ընծայեցին տաճար և Սիմեոն ծերունին գրկեց երեխային, նույնպես և մենք ենք շարունակում այդ ավանդույթը և երեխային տաճար բերելով ՝ աղոթում ենք, որ Աստծո աջը պահապան լինի նրան», – ասաց Տեր Շմավոնը:

Մկրտությունը կարևոր շրջափուլ է մարդու կյանքում՝ թե մանուկ և թե գիտակից տարիքում: Մկրտությունից հետո, ապրելով բնականոն կյանքով, մարդիկ կամա թե ակամա մեղքեր են գործում: Մկրտվել կարող են միայն մեկ անգամ, բայց դրանից հետո գործած մեղքերից ազատվելու, թողություն ստանալու համար մարդու հոգևոր կյանքում գործում է ապաշխարության խորհուրդը:

qahana.am