12 ժամ է անցել երեկվանից, երբ լսեցինք անօդաչուների բզզոցը, որին հետո ժամեր շարունակ հետևեց հրետանին․ չեմ ուզում սրտաճմլիկ կամ պահի ազդեցության տակ բառեր ասեմ, թե ինչ ապրեցինք անցած ժամերին, բայց ապշած եմ մեր պետական կառույցների անտարբերության վրա․ բավական ուշացումով ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, և որևէ նոր բան կարծես թե չասաց, որովհետև, ցավոք, բերնեբերան ասվող և ֆեյսբուքով տարածվող ինֆոն հանրությանն ավելի օպերատիվ է հասնում։ Այսօր ԱԺ-ն հայտարարության մասին է խոսում, զոհերի թիվ են հայտնում․ էս ամեն ինչին դիմանալու համար մարդիկ պիտի լսեն, թե ինչ անեն։ Նայում եմ մարզպետարանի կայքը՝ ոնց որ բան չկա, ոչ մի տեղ։
Այսօր Գորիսում դպրոցները չեն աշխատում, որոշ կազմակերպություններ ևս:
Լավ, էդ դպրոցները իրենց կամքո՞վ են փակվել կամ որևէ հրահանգ ԱԻՆ կամ ուրիշ կառույց չունե՞ն։ Հիմա, որ մեկն էլ աշխատանքի չգնա, անօրինակա՞ն է, գործատուն նրան վճարելու՞ է։
Տագնապի ձայնն էլ երեկ այնքան ցածր էր, որ կասկածում եմ, թե շատ մարդ է կարողացել անօդաչուների ձայնի հետ լսել: Բացի այդ, տագնապի վերջի մասին բան չկա, հիմա ինչ շարունակեն մարդիկ նկուղու՞մ մնալ։
Երկու տարի է անցել, վերջապես, հնարավոր չէր մի կառույց ունենալ, որը ստացիոնար կաշխատեր և այսպիսի պայմաններում մարդիկ կիմանային ում դիմեն կամ ումից ինչ լսեն։
Հիշում եմ, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո մի քաղաքական գործիչ, անդրադառնալով հինգ շրջաններում ունեցած հացահատիկի դաշտերին, շատ հեգնանքով վրա տվեց, թե՝ դա մե՞րն էր, որ մարդիկ գնացել, մշակել էին։
Հիմա ուզում եմ էդ նույն մարդուն, ով արդեն չաղլիկ պաշտոն ունի, հարցնեմ, Գորիսն էլ մերը չի՞։
Ու իմ շատ սիրելի ընկերներ, բարեկամներ, շնորհակալ եմ չդադարող նամակների, զանգերի համար, միայն ուզում եմ ասել, որ մենք էլ չգիտենք, թե ինչ օյին են բերում մեր գլխին, դրանց հարցրեք։
Սուսաննա Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից