Մանուկ հասակում պասիվ ծխելու ազդեցությանը ենթարկված ծնողների երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում ասթմայով
Advertisement 1000 x 90

Մանուկ հասակում պասիվ ծխելու ազդեցությանը ենթարկված ծնողների երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում ասթմայով

Երեխաներն ավելի հաճախ են ասթմայով հիվանդանում, եթե նրանց հայրը մանուկ հասակում ենթարկվել է պասիվ ծխելու ազդեցությանը, նշվել է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են European Respiratory Journal ամսագրում։

Հետազոտությունը նաեւ ցույց է տալիս, որ ասթմայի առաջացման վտանգն ավելի մեծ է այն երեխաների պարագայում, որոնց հայրերը պասիվ ծխելու ազդեցությանն են ենթարկվել եւ հետագայում իրենք էլ դարձել են ծխողներ։

Հետազոտողների խոսքով՝ իրենց ստացած արդյունքները ցույց են տալիս, թե ինչպես կարող է ծխելն ազդել ոչ միան ծխողների ու նրանց երեխաների, այլեւ նրանց թոռների վրա։

Հետազոտությունն իրականացվել է Մելբուռնի համալսարանի հետազոտող Ցզյաչենգ Լյուի եւ դոկտոր Դին Բույի ղեկավարությամբ։

Այս հետազոտությունում գիտնականներն ուսումնասիրել են 1 689 երեխայի, որոնք մեծացել են Տասմանիայում, ինչպես նաեւ հորական գծով նրանց հայրիկներին, տատիկներին ու պապիկներին։ Նրանք համեմատել են տվյալներն այն մասին, թե արդյոք երեխաներն ասթմա են ձեռք բերել յոթ տարեկանում, արդյոք նրանց հայրիկները մեծացել են ծխող ծնողների հետ մինչեւ 15 տարեկանը։ Նրանք տվյալների մեջ ներառել են նաեւ այն, թե արդյոք նրանց հայրիկները հիմա կամ նախկինում ծխողներ են եղել։

«Մենք հայտնաբերեցինք, որ ոչ ալերգիկ ասթմայի առաջացման վտանգը 59 տոկոսով ավելացել է, եթե երեխաների հայրիկները մանուկ հասակում ենթարկված էին եղել պասիվ ծխելու ազդեցությանը, այն երեխաների համեմատ, որոնց հայրերն այդ ազդեցությանը ենթարկված չեն եղել։ Ռիսկը շատ ավելի բարձր էր՝ 72 տոկոս, եթե նրանց հայրերը ենթարկվել են պասիվ  ծխելու ազդեցությանը եւ հետագայում իրենք էլ ծխող են դարձել»,- այսպիսի եզրակացության են եկել հետազոտության հեղինակները։

news.am