Անօդաչու թռչող սարքերի դեմ այնուամենայնիվ խաղ կա
Եկեք անկեղծ լինենք։ Դեռ մեկ տասնամյակ առաջ դժվար թե որեւէ մեկը հավատար, որ ադրբեջանական դրոնները կարող են հայտնվել Ջերմուկի երկնքում եւ հարվածներ հասցնել Հայաստանի տարածքին։ Սակայն փաստն այն է, որ անօդաչու թռչող սարքերը դեռ երկու տարի առաջ ինչ-որ չափով կանխորոշեցին 44-օրյա պատերազմի ելքը։ Ահա, թե ինչ է գրում այդ առիթով ԲիԲիՍի-ի մեկնաբանը. «Նախորդ մի քանի տարիների ընթացքում Բաքուն եւ Երեւանը խոշոր գումարներ էին ծախսում սպառազինություններ ձեռքբերելու համար։ Ադրբեջանն այդ նպատակով շատ ավելի պատկառելի գումարներ են հատկացնում եւ շատ ավելի մեծ ուշադրություն էր դարձնում անօդաչու համակարգերին, քան Հայաստանը։ Փորձագետները նկատեցին դա դեռ 2016 թվականին, երբ տարածաշրջանում կատաղի կռիվներ էին ընթանում 4 օրվա ընթացքում։ 2020 թվականին միտումը ակնհայտ դարձավ»։
Իսկ անցած տարի լույս տեսած «Փոթորիկ Կովկասում» գրքում այսպիսի տվյալներ են բերված։ Ըստ հաստատված աղբյուրների, հայերը 44-օրյա պատերազմի ընթացքում կորցրել են մոտ 1500 ցամաքային մեքենա՝ տանկեր, զրահամեքենաներ, բեռնատարներ եւ այլն։ Դրանց գրեթե 40 տոկոսը ոչնչացվել է անօդաչու թռչող սարքերի եւ անօդաչու կամիկաձեների օգնությամբ, փաստում են գրքում զետեղված վերլուծության հեղինակները, եզրակացնելով. «2020-ի Ղարաբաղյան պատերազմը մի շարք դասեր տվեց, և դրանցից առավել կարևորն այն է, որ նույնիսկ ամենադիմացկուն պաշտպանությունը խոցելի է, եթե հակառակորդի ձեռքերն օդում ազատ են»։
Այնինչ, հայկական կողմի հիմնական թերացումներից մեկն այն է, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը տարիներ շարունակ ապրում էր պատերազմի մասին վաղուց հնացած պատկերացումներով։ «Սպառազինության արտահանում» ռուսաստանյան հանդեսի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովն այս առիթով կարծիք է հայտնել. «Հայաստանը վերջին տարիներին դրոններ ձեռքբերելով չէր զբաղվում։ Հավանաբար, հայերը թերագնահատում էին ադրբեջանական անօդաչու սարքերից եկող վտանգը։ Համենայնդեպս անօդաչուների գնումների մասին Երեւանից երբեք ոչինչ չենք լսել։ Ռուսաստանը նման բան չուներ, ուրեմն մնում էր գնել Չինաստանից կամ Իրանից։ Բայց դա փող է։ Եթե Ռուսաստանից Հայաստանը արտոնյալ գներով էր զենք ձեռք բերում, ապա Չինաստանի դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ էր։ Իհարկե, հայերը խոսում էին նաեւ սեփական արտադրության դրոնների մասին, բայց մենք դրանք այդպես էլ չտեսանք»,- ասել է ռուսաստանյան հանդեսի գլխավոր խմբագիրը։
Փորձագետներն այնուամենայնիվ փաստում են, որ հայկական արտադրության որոշ սարքավորումներ պատերազմի ժամանակ ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Օրինակ։ Ինչպես նշում են մասնագետները, օդային տարածքի հետախուզությունը բավական լավ էր կազմակերպված շնորհիվ սեփական արտադրության ռադիոտեղորոշիչ կայանների լայն ցանցի։ Այդ կայանների ալեհավաքներն, ի դեպ, շատ ցածր ինքնարժեք ունեն, իսկ սարքավորումները տեղադրվում են սովորական ամենագնաց մեքենաների վրա եւ կարող են միանալ ալեհավաքին նույնիսկ բավական մեծ հեռավորությունից։
Ինչպե՞ս պաշտպանվել դրոններից։ Ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին ասում է. «Հաշվի առնելով, որ հայերը բավարար միջոցներ չունեն հակաօդային պաշտպանության համակարգեր եւ ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումներ ձեռքբերելու համար, կարելի է խորհուրդ տալ կիրառել պարզագույն միջոցները։ Օրինակ, լայնորեն օգտագործեք ստորգետնյա տարածքները եւ թաքստոցները, քողարկեք ռազմական տեխնիկան՝ թեկուզ վրան մեծ կտավ գցելով, եւ վերջապես երբեք չստեղծեք զինվորականների մեծ կուտակումներ, որովհետեւ դրոնները հենց նման կուտակումներին են հարվածում։
Այնուամենայնիվ, հիմա արդեն պարզ է, որ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու գլխավոր միջոցը հակաօդային պաշտպանության համակարգերն են։ Նման համակարգեր Հայաստանը ձեռք էր բերել դեռ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ՝ ադրբեջանական ինքնաթիռները եւ ուղղաթիռները խոցելու նպատակով։ Ինչո՞ւ դրանք հիմա չաշխատեցին դրոնների դեմ։ Հենց այն պատճառով, որ նախատեսված էին ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ խփելու համար։ Իսկ այն կայանքը, որը ստեղծված է արագընթաց մեծ թիրախներ խոցելու նպատակով, դժվարությամբ է հայտնաբերում դանդաղ թռչող փոքր անօդաչուին։
Երկրորդ պատճառն այն է, որ հենց պատերազմի առաջին օրերին ադրբեջանցիներին հաջողվեց ոչնչացնել Արցախի հակաօդային պաշտպանության համակարգերի մի զգալի մասը։ Այսինքն, ոչ թե այդ կայանքն էր խոցում անօդաչուին, այլ հակառակը։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ հայկական կայանքները հայտնաբերելու համար ադրբեջանցիները նույնիսկ կիրառել են, այսպես ասած, «ինքնաթիռ-խայծեր»՝ օդ են բարձրացրել 60 «Ան-2» հին ինքնաթիռներ՝ առանց օդաչուների, որոնց ուղղությամբ արձակած հրթիռները բացահայտել են ղարաբաղյան հակաօդային պաշտպանության համակարգերի դիրքերը։ Իսկ հետո դրանք ոչնչացվել են հրետանու կամ դրոնների օգնությամբ։
Եւ այնուամենայնիվ, այնքան էլ ճիշտ չէ շատերի մոտ ստեղծված տպավորությունը, թե դրոնների դեմ խաղ չկա։ Նույնիսկ չափազանց դժվար պայմաններում Արցախում հնացած կայանքների օգնությամբ, ըստ փորձագետների, հաջողվել է խոցել 60 օդային թիրախ, այդ թվում՝ առնվազն 6 թուրքական «Բայրաքթար»։
Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա
Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից