Գերմանացի պատգամավորը բարոյազուրկ է անվանել ԵՄ հանձնաժողովի նախագահին Ալիեւի հետ համագործակցելու համար. hetq.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Գերմանացի պատգամավորը բարոյազուրկ է անվանել ԵՄ հանձնաժողովի նախագահին Ալիեւի հետ համագործակցելու համար. hetq.am

Եվրախորհրդարանի երեկվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում գերմանացի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի անդամ Մարտին Զոննեբորնը քննադատել է Եվրոպական միությանը Հայաստանի վրա հարձակված Ադրբեջանի բռնապետ նախագահ Ալիեւի հետ համագործակցության համար։

Իր խոսքը մասնավորապես ուղղելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ նախկինում լրագրող, Die PARTEI կուսակցության հիմնադիր Զոննեբորնն ասել է. «Մեզ պոկելով գազի մի մատակարարից՝ Պուտինից, դուք մեզ համար գտել եք մեկին, որը դաժան պատերազմ է վարում՝ Ալիեւին։ Եվ մինչ գերմանական բազմաթիվ լրատվամիջոցներ լուռ են, նախկինում բռնապետ, իսկ հիմա ձեր բնութագրմամբ՝ վստահելի գործընկեր Ալիեւը հարձակվել է ժողովրդավարական Հայաստանի վրա։ Մեր նոր լավագույն ընկեր Ադրբեջանը Ռուսաստանից էլ հեռու է ժողովրդավարության, մամուլի ազատության եւ քաղաքացիական ազատությունների առումով»։ Ըստ պատգամավորի՝ Ալիեւն առաջամարտիկ է միայն Քրիստոնեա-դեմոկրատական միության կոռումպացված գործիչներին կաշառելու գործում (որի անդամ է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը-խմբ.)։

«Երբ դուք սկսեցիք ձեր ծառայությունն այստեղ, ես մտածում էի, որ դուք պարզապես ոչ կոմպետենտ եք եւ մի քիչ հանցագործ, հիմա գիտեմ, որ դուք զուրկ եք բարոյականությունից։ Ես չգիտեմ՝ այլեւս ինչ ասել Եվրամիության վիճակի մասին, միայն մի բան՝ մենք չպետք է թողնենք ԵՄ-ն լեյեններին»,- ելույթն ավարտեց Սոննեբորնը։

hetq.am



Նման նյութեր