Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ազատ Գրիգորյանը։ Ազատն ընտանիքի միակ որդին էր։ Նա ուներ երկու քույր։
Կրտսեր քույրը սովորում է դպրոցում, իսկ ավագը բուժքույր է։ 19-ամյա Ազատ Գրիգորյանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի Զարդարվեստի պետական ուսումնարանի Մետաղի գեղարվեստական փորագրություն բաժնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ազատ Գրիգորյանի հարեւանուհին, որի անունն իր խնդրանքով չենք նշի։
Ազատ Գրիգորյանը Երեւանից էր, բանակ էր զորակոչվել 2021 թվականին, ծառայում էր Վարդենիսում։ «Վերջին անգամ ծնողների հետ խոսել է սեպտեմբերի 13-ի գիշերը։ Ասել է՝ ամեն ինչ լավ է, հանգիստ քնեք, կռիվ չկա։ Ժամեր անց ինքը զոհվել է սրտին ստացած բեկորային վնասվածքներից»,- նշեց նա։ Ազատ Գրիգորյանը հուղարկավորվել է սեպտեմբերի 15-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։