Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկեանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրական հրապարակումներ է անում՝ իր լսարանին ցույց տալու, թե ինչ է կատարվում Հայաստանում, խոսելու ադրբեջանական վայրագությունների եւ աշխարհի անտարբերության մասին:
«Արթնացի՛ր աշխարհ: Հայաստանը հարձակման է ենթարկվում. այն ենթարկվում է խեղումների եւ ոչնչացման ու ո՛չ ոք այդ մասին չի խոսում: Մեծ Բրիտանիայի մամուլում ո՛չ ոք չի խոսում նրա մասին, թե ինչ է կատարվում իմ գեղեցիկ երկրում հենց հիմա:
Ինչու՞: Որովհետեւ Ադրբեջանի կառավարությունն ու զինվորները որոշել են, որ հայերին սպանելը ճիշտ քայլ է, որպեսզի վերցնեն հողերն ու դրանք օգտագործեն իրենց հաճույքի, իրենց քաղաքականության համար:
Դա չի լինելու, բավական է: Հոգնել եմ ամեն օր լսելուց, թե ինչպես են իմ մարդիկ սպանվում, երեխաները թաքնվում ապաստարաններում, զինվորները գերի վերցվում, սպանվում եւ խեղվում, ու այդ ամենը տեսանկարահանվում է՝ ժամանցի նպատակով՝ միայն, որովհետեւ ազերի զինվորները կարծում են, թե դա ճիշտ է: Դա այդպես չէ եւ մենք գիտենք դրա մասին: 21-րդ դարում ես սա պատերազմ չեմ անվանում. ես սա ցեղասպանություն եմ անվանում՝ ցեղասպանության երկրորդ ալիքը, որը սպառնում է իմ ժողովրդին:
Մենք դիմանում ենք սրան 1915 թվականից ի վեր, եւ այն դեռ չի ավարտվել: Բոլորը կուրացել են, ոչ ոք չի տեսնում, թե ինչ է կատարվում իմ երկրում այս պահին: Ուրեմն ես կխոսեմ դրա մասին այնքան ժամանակ, մինչեւ աշխարհը կսկսի խոսել: Բավական է:
Մենք պատերազմ չենք ուզում՝ այլ խաղաղություն, մենք չենք ուզում սպանվել՝ ուզում ենք ապրել, մենք չենք ուզում անտեսվել՝ ուզում ենք աշխարհը հասկանա, որ մենք, ինչպես Ուկրաինան, տառապում ենք եւ օգնության կարիք ունենք:
Ես չեմ դադարելու խոսել», – այսօր հրապարակված տեսանյութում ասում է շոումենը: