Այսօր Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպն ամոթալի է և անթույլատրելի: Նիկոլ Փաշինյանին զոհվածների հարազատներից պաշտպանելու համար որդեկորույս ծնողներին բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելը խայտառակություն էր։
Անկախ ամեն ինչից` պետք է հարգել հայրենիքի համար նահատակված հերոսների ծնողների վիշտը, ինչպես նաև` նրանց գործողությունները, որքան էլ որ դրանք լինեն իշխանության համար տհաճ։
Գուցե հայրենիքի պաշտպանների ծնողներն իրենց ցասումն արտահայտելու տարբեր ձևեր ընտրեն, այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք հարգել նրանց, մեծարել ու մշտապես խոնարհվել:
Անթույլատրելի է ծնողներին բաժանել մերոնք-ձերոնքի. իշխանությունն ըստ երևույթին առաջնորդվում է հետևյալ տրամաբանությամբ. այն ծնողները, ովքեր Աննա Հակոբյանի հրավերն ընդունում են եւ մասնակցում միջոցառումներին, նրանք լավն են, իսկ ովքեր էլ պահանջատիրություն են դրսևորում, բարկություն ու ցասում են արտահայտում, նրանց արժանապատվությունը նսեմացնելով` բերման են ենթարկում:
Հրատապ պետք է հրաման տվող Նիկոլ Փաշինյանը եւ կատարող ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներողություն խնդրեն որդեկորույս ծնողներից:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան