Այս տարի արդեն իններորդ անգամ Ախթալայում կնշվի ավանդական դարձած խորովածի փառատոնը. միջոցառման կազմակերպիչները որոշել են օգոստոս ամսվա նախավերջին կիրակի օրը հայտարարել «Խորովածի միջազգային օր»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայ ավանդական խոհարարության զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ խորովածի փառատոնի առաջնային նպատակներից է տարածաշրջանում տուրիզմի զարգացումը: Նրա խոսքով` անցած տարիներին անցկացված խորովածի փառատոններն ապացուցեցին, որ իրենք շատ ճիշտ ուղու վրա են և միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջությամբ զբաղվող ընկերությունների մոտ:
«Բացի այդ, Ախթալայի քաղաքապետարանի հետ միասին նախաձեռնել ենք մի գաղափար, որով հռչակում ենք «Խորովածի միջազգային օր»: Այն տեղի կունենա օգոստոսի նախավերջին կիրակի օրը»,- ասաց նա` նշելով, որ ունեն նաև այլ երկրների հետ համագործակցության փորձ, հատկապես՝ Վրաստանի հետ: Նրա ներկայացմամբ` նախատեսվում է ստեղծել խորովածի տոնի կանոնադրություն, որտեղ հստակ նախանշված կլինեն խորովածի փառատոնի միջազգային շարժման միանալու ընթացքը, սակայն այն դեռ չի մշակվել:
«Մենք մի փոքր պահպանողական ենք խորովածի պատրաստման առումով, իսկ այս առիթը մեզ հնարավորություն կտա փորձարկել և ներդնել կերակրացանկի մեջ տարբեր նորարարություններ: Այնպես որ, զարգացնում ենք թե հայկական խոհանոցը, թե երկիրը զբոսաշրջիկների համար դարձնում ենք ավելի գրավիչ»,- ասաց Սեդրակ Մամուլյանը: