Հայաստանում գործող վարչակարգը պարտավոր է այս մարտահրավերների մասին բաց խոսել հանրության հետ. Աբրահամ Գասպարյան
Advertisement 1000 x 90

Հայաստանում գործող վարչակարգը պարտավոր է այս մարտահրավերների մասին բաց խոսել հանրության հետ. Աբրահամ Գասպարյան

Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձը թևակոխում ենք աշխարհում ռազմավարական ու տնտեսական շահերի վերաբաշխման, նոր աշխարհակարգի ճարտարապետության կառուցման բախտորոշ ժամանակահատվածում: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Ջենեսիս Արմենիա ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

«Հայկական զույգ հանրապետությունների և ամբողջ հայության համար տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգային և ռազմաքաղաքական ճակատագրական մարտահրավերներ են. ազգային-պետական շահերն ուղիղ գոյութենական սպառնալիքների տակ են, որոնց անձնատուր լինելը նշանակելու է հայկական պետականության անդառնալի կորուստ: Այդ մարտահրավերների հաղթահարումը բոլորիս՝ շինական, մշակ, ռանչպար, մտավորական ու զինվորական, պատասխանատվությունն է:

Անկախությունն իմաստավորվում է, երբ պետության քաղաքական ղեկավարությունը գիտակցում է սահմանադրաիրավական ճանապարհով իրեն վստահված լիազորությունների պատասխանատվությունը և զերծ է պահում պետությունն անվտանգային հնարավոր ցնցումներից՝ չխախտելով անհատի ու հավաքականության ազատության ու իրավունքի սահմանները: Ինքնիշխանության ու տարածքային ամբողջության պահպանումը պետության գոյության ու շարունակականության երաշխիքն է: Հայաստանի այսօրվա իշխանությունն իր անհեռատես և չհաշվարկված, թշնամական պետությունների օրակարգերն սպասարկող թեզերով, քարոզչությամբ ու քայլերով, ՀՀ-ն ու Արցախը կանգնեցրել է անվտանգային կոլապսի վտանգի առջև:

Ո՛չ բարոյապես, ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական պատասխանատվության առումով ոչ մի իշխանություն չի կարող սեփական շահն ու գոյատևման մոլուցքը գերադասել հայոց ազգի հազարավոր որդիների արյամբ նվաճված, հայության հավաքական ջանքի ու նվիրման արդյունքում ստեղծված պետությունն ու նրա գոյութենական շահը: Հայաստանում գործող վարչակարգը պարտավոր է այս մարտահրավերների մասին բաց խոսել հանրության հետ և կասեցնել դիվանագիտական ու ռազմաքաղաքական կորուստների չընդհատվող գնացքը՝ առաջին հերթին հեռանալով իշխանությունից, ամբողջությամբ չմսխելով պետության դիմադրողականությունն ու չփլուզելով հանրային խարխլված համերաշխության վերջին հնարավորությունը:

Հայությունն ունի դիմադրելու ներուժ և այդ հավաքական ներուժի հայկական ունակությունը չի տեղավորվում արևմտամետ-արևելամետ խոսույթի տիրույթում: Այդ ներուժի անունն է՝ «հայկական օրիենտացիա», որի նպատակն իշխանությունում այս կամ այն հերթապահող քաղաքական ուժին սատարելը կամ հեռացնելը չէ, այլ հզոր դիվանագիտական գործիքակազմով, միջազգային հանրության համար վստահելի ու կանխատեսելի գործընկերոջ համբավ ունեցող, անվտանգային, տնտեսական ու ռազմական առումով ուժեղ ու ամուր պետության կառուցումը՝ արդար ու իրավունքի առջև հավասար հնարավորություններով քաղաքացիներով: Մենք հավատում ենք այդ գաղափարին և ամենօրյա քրտնաջան ու անտրտունջ աշխատանքով ապացուցում մեր հավատամքը:

Հայրենիքը սակարկման ենթակա չէ, հայությունն էլ, որպես քաղաքական դատ ունեցող համաշխարհային գործոն, իրավունք ունի և պարտավոր է լիարժեքորեն իրացնել ազատ և անկախ ապրելու և արարելու իր հանձնառությունը:

Պի՛նդ եղեք»,- ասված է հայտարարությունում:



Նման նյութեր