Մեծ աշխարհի քարտեզի վրա չերևացող, բայց աշխարհի չափ սիրտ ունեցող քաղաքը նշում էր իր տոնը…
Դեղին ավտոբուսը դեռ այդքան գեղեցիկ չէր եղել.նրան զարդարել էին ծիածանի գույներից էլ շատ գույների փուչիկներով։ Ավտոբուսը շատ ուրախ էր։ Քաղաքում միշտ էլ մարդիկ նրան սպասում էին, բայց այդ օրն՝ավելի անհամբեր,ավելի ուրախ։ Նրան այդքան գեղեցիկ տեսնելով՝ էլ չէին փնթփնթում, նույնիսկ շնորհավորում էին միմյանց՝Ս Պրազդնիկոմ…
Մայրամուտին կանգառեց հոգնած,բայց գոհ ու երջանիկ,անգամ տոնական զգեստը չհանեց…
Քաղաքը սովորական տոնական թմբիրից արթնացավ անսովոր ձայներից…Վաղուց չէր լսել դրանք,շատ վաղուց…
Բայց հասկացավ միանգամից.սկսվել է…
Արթնացան ու անմիջապես Վոյենկոմատ շտապեցին քաղաքի ամենապարտաճանաչները,ամենասըրտըհեռեչները,նաև դեղին ավտոբուսը՝փուչիկներով…
Մեկ֊երկու ժամից դեղին ավտոբուսում տեղ չկար. տեղավորվեցին ամենապարտաճանաչները,ամենասըրտըհեռեչները։
Նա Մեստո Նազնաչենիա պիտի հասներ ոչ սովորական երթուղով՝ գլխավերևում “բզբզացող թռչունների” պատճառով…
Դեղին ավտոբուսը կյանքում առաջին անգամ անտառ պիտի մտներ։ Ուրախ փուչիկներին անտառը չսիրեց։ Տոմբ…տոմբ…տոմբ…իրար ետևից պայթում էին փուչիկները։
Անտառը չէր հանձնվում,դիմադրում էր օտարին ճյուղերով՝ ինքն էլ իր ունեցածով,ինքն էլ իր ձևով…
Դըդըմփ….
Դեպի ծանր պայթյունները գնացողներին փուչիկների թեթև պայթյունները միայն զվարճացնում էին։ Ուրախ ավտոբուսում բոլորը ծիծաղում էին…
Նա Մեստո Նազնաչենիա դեղին ավտոբուսն ընդամենը մի կարմիր փուչիկով հասավ…
Դեղին ուրախ ավտոբուսի մասին ամենապարտաճանաչներից,ամենասըրտըհեռեչներից մեկն ինձ պատմեց…
Մյուսների մասին վախեցա հարցնել….
Երանի նրանց,որ պատերազմից միայն դեղին ավտոբուսը կհիշեն…
Ծովինար Բարխուդարյանի ֆեյսբուքյան էջից