Դանիայի թագուհի Մարգրետը՝ Եվրոպայի միակ կառավարող թագուհին և մայրցամաքում ամենաերկար կառավարող միապետը, իր ութ թոռներից չորսին զրկել է տիտղոսից:
Պաշտոնական պատճառն այն է, որ թագավորական ընտանիքը ցանկանում էր թույլ տալ իր կրտսեր որդու՝ արքայազն Յոահիմի չորս երեխաներին ավելի նորմալ կյանքով ապրել։ Նմանատիպ քայլեր են անում Եվրոպայում թագավորական մյուս ընտանիքները, գրում է The Guardian-ը։ Այն նաև թույլ է տալիս կրճատել միապետի ընտանիքը։
«2023 թվականի հունվարի 1-ից Դանիայի արքայազն Յոահիմի հետնորդները կկարողանան օգտագործել միայն Մոնպեզայի կոմս և կոմսուհի տիտղոսները, իսկ Դանիայի արքայազնի և արքայադստեր նախկին տիտղոսները կդադարեն գոյություն ունենալ», – ասվում է թագավորական պալատի հայտարարության մեջ:
53-ամյա արքայազն Յոահիմը երկու ամուսնությունից չորս երեխա ունի՝ Նիկոլայը, Ֆելիքսը, Հենրիկը և Աթենաը՝ 23-ից 10 տարեկան միջակայքում։
Արքայազն Յոահիմի երկու ավագ որդիների մայրը դանիական լրատվամիջոցներին ասել է, որ «ցնցված է» այս որոշումից։
«Երեխաները չեն կարողանում հասկանալ, թե ինչու են իրենցից գողանում իրենց ինքնությունը», – ասել է կոմսուհին:
Թագուհու մյուս չորս թոռները, որոնք ծնվել են 54-ամյա թագաժառանգ Ֆրեդերիկից, կպահպանեն իրենց տիտղոսները։