Լնդերի ախտահարումները մարդու ամենատարածված քրոնիկ հիվանդություններից են, որից տառապում է մարդկանց 20-50 տոկոսը ամբողջ աշխարհում:
Լնդերը չբուժվելու դեպքում կարելի է կորցնել ատամները։
Ապացույցների աճող թիվը ցույց է տալիս, որ լնդերի ախտահարումը կարող է նաեւ մեծացնել այլ լուրջ հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Անգլիայի համալսարանի բժշկության դասախոս, դոկտոր Քրիստին Բրայսոնը The Sun-ի հետ զրույցում խոսել է լնդերի հիվանդության հետ կապված մի քանի մահացու հիվանդությունների մասին:
Ալցհեյմերի հիվանդություն
Ֆինն հետազոտողները պարզել են, որ մարդիկ, ովքեր տառապում են լնդերի հիվանդությամբ եւ ատամների կորստով, մոտ մեկ հինգերորդով ավելի հավանական է, որ ունենան այս ծանր հիվանդությունը, ասում է բժիշկ Բրայսոնը:
Հետազոտությունները կապ են ցույց տվել նաեւ լնդերի հիվանդության եւ ճանաչողական կարողությունների վեց անգամ անկման միջեւ:
Սրտանոթային հիվանդություններ
«Սրտանոթային հիվանդությունները նույնպես ամուր կապված են լնդերի հիվանդությունների հետ»,- ասում է փորձագետը:
Խոշոր հետազոտության ժամանակ, որին մասնակցել է 60-ից բարձր տարիքի ավելի քան 1600 մարդ, լնդերի հիվանդությունը կապել են առաջին սրտի կաթվածի ռիսկի գրեթե 30 տոկոսով մեծացման հետ:
2-րդ տիպի շաքարախտ
Լնդերի հիվանդությունները 2-րդ տիպի շաքարախտի հայտնի բարդություն են, եւ լնդերի քրոնիկ հիվանդությունը մեծացնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը:
«Ապացուցվել է, որ լնդերի հիվանդությունները նաեւ նպաստում են ինսուլինի դիմադրությանը, որը կարող է խորացնել 2-րդ տիպի շաքարախտը»,- նշել է բժիշկը:
Քաղցկեղային հիվանդություններ
Լնդերի հիվանդությունները կապված են նաեւ քաղցկեղի բազմաթիվ տեսակների զարգացման ռիսկի հետ:
«Օրինակ՝ լնդերի հիվանդություն ունեցող հիվանդների մոտ կերակրափողի քաղցկեղի առաջացման վտանգը 43 տոկոսով բարձր է, իսկ ստամոքսի քաղցկեղինը՝ 52 տոկոսով»,- ասել է բժիշկ Բրայսոնը:
Այլ հետազոտություններ ցույց են տվել նաեւ, որ լնդերի քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց մոտ 14-20 տոկոսով բարձր է ցանկացած տեսակի քաղցկեղի զարգացման ռիսկը: