Երեկ՝ Կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական սենսացիոն հայտարարությունն արեց․ «Եթե մարդը ամսական 75 հազար դրամով աշխատում է, նշանակում է, որ ինքը նորմալ կրթություն չի ստացել» Այս ձևակերպումը հասարակական բողոքի ալիք բարձրացրեց, քանի որ Հայաստանում բազմաթիվ մասնագիտություններ, որոնք նույնիսկ պահանջում են բարձրագույն կրթություն, մոտավորապես այդքան պետական աշխատավարձ են ստանում։
Այդ մասնագիտությունների մեջ առաջիններից մեկը մեր երկրի գիտնականներն են․ Հայաստանում կրտսեր գիտաշխատողի բազային աշխատավարձը գրեթե նույնական է պետության սահմանած նվազագույն աշխատավարձի հետ։ Փոխարենն այս կանոնը չի տարածվում Նիկոլ Փաշինյանի ու իր ընտանիքի անդամների վրա։
Երեկվա հայտարարությունից հետո սոցիալական կայքերում քաղաքացիները դժգոհում էին, որ Նիկոլ Փաշինյանը, չունենալով բուհական դիպլոմ, 1,5 մլն միայն աշխատավարձ է ստանում։ Բայց պարզվում է, որ անտրամաբանական եկամուտներ ունի նաև նրա որդին՝ Աշոտ Փաշինյանը։
Պատերազմական՝ 2020 թվականին, Նիկոլ Փաշինյանի հայտարարագրի համաձայն, Աշոտ Փաշինյանը «Մինիսո Էյ Էմ» ՍՊԸ֊ից, որը ճապոնական խաղալիքների և մանր իրերի խանութ է, ստացել է 408,3 հազար դրամ աշխատավարձ։ Բայց հայտնի է, որ երիտասարդը բանակից զորացրվել է սեպտեմբերի 9֊ին, իսկ 18 օր անց կամավորագրվել։ Կապիտուլիացիոն ակտից հետո` նոյեմբերի 9֊ից սկսած Փաշինյանի ընտանիքը տևական ժամանակ գրեթե չէր երևում որևէ հանրային վայրում։ Հայտնի է, որ երեխաները նույնիսկ դպրոց չէին հաճախում։ Հետևաբար, ստացվում է, որ Աշոտ Փաշինյանը սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 4-ն աշխատելու համար ստացել է 408,3 հազար դրամ կամ էլ ճապոնական խաղալիքների խանութը մասնաճյուղ ունի կառավարության ղեկավարի կեցավայրում կամ բունկերում։
Ամեն դեպքում Գեղարվեստի ակադեմիայից դուրս մնացած Աշոտ Փաշինյանի աշխատավարձը համեմատության եզր չունի Նիկոլ Փաշինյանի նշած 75 հազար դրամի հետ։