Կաթվածից հետո սեռական ակտիվությունը ոչ թե ռիսկի գործոն է սրտի նոր խնդիրների համար, այլ ապաքինման ցուցիչ, նշվել է իսրայելցի գիտնականների հետազոտությունում, որը հրապարակվել է European Journal of Preventive Cardiology-ում։
Գիտնականները 20 տարի հետեւել է 495 մասնակցի (90 տոկոսը՝ տղամարդիկ)։ Նրանք հայտնաբերել են, որ այն մարդկանց մոտ, որոնց սեռական կյանքի ինտենսիվությունը չի փոխվել կաթվածից հետո կես տարվա ընթացքում, մահվան ռիսկը 35 տոկոսով ցածր է եղել այն մարդկանց ցուցանիշների համեմատ, որոնց մոտ այդ ինտենսիվությունը նվազել է։
«Սեռական ակտիվությունն առողջության ցուցիչ է։ Սեռական ակտիվության վաղ վերականգնումը կաթվածից հետո կարող է լինել այն բանի ցուցիչը, որ մարդն իրեն առողջ, գործունակ եւ եռանդուն է համարում»,- ասել է Թել Ավիվի համալսարանի պրոֆեսոր Յարիվ Գերբերը (Yariv Gerber)։
Մի կողմից, ինչպես նշել են գիտնականները, հանկարծակի ֆիզիկական լարվածությունը սեռական ակտի ժամանակ կարող է կաթված առաջացնել, մյուս կողմից՝ սրտի հիվանդությունների երկարաժամկետ ռիսկը նվազում է ֆիզիկական ակտիվության պատճառով։ Հաճախ սրտի խնդիրների պատճառ են դառնում սեռական ակտիվության «մեկուսի» բռնկումները։ Կանոնավոր ակտիվություն ունեցող մարդկանց համար ռիսկն ավելի ցածր է։
CNN-ի մեկնաբանությունում Գերբերն ասել է, որ կաթվածից հետո սեքսով զբաղվելուց կարող են չվախենալ այն մարդիկ, որոնք կարող են քայլելով անցնել ավելի քան մեկուկես կիլոմետր, հեշտ են բարձրանում աստիճանները եւ կարող են վարգով քայլել։ Բայց, նրա խոսքով, կաթվածի հետեւանքները կարող են վտանգավոր լինել, ներառյալ սրտային անբավարարությունը եւ սրտի ռիթմի խանգարումները։ Ուստի, սեռական ակտիվության վերականգնման հարցն ավելի լավ է քննարկել բժշկի հետ։
Գերբերի կարծիքով՝ սեռական ակտվությունը լավ ապաքինվելու ցուցիչ է, քանի որ մատնանշում է լավ ֆիզիկական վիճակի, զուգընկերոջ հետ լավ հարաբերությունների եւ ծանր հիվանդության շոկը հոգեբանորեն հաղթահարելու մասին։