«Եվրատեսիլ 2023»-ը կանցկացվի Լիվերպուլում, ուղիղ եթերում հայտարարեց BBC-ի հաղորդավար Գրեհեմ Նորթոնը, ով 2009 թվականից կորպորացիայի եթերում լուսաբանում է մրցույթը, հաղորդում է BBC-ն։
Սովորաբար հաղթող երկիրն է ընդունում մրցույթը հաջորդ տարի, ուստի Եվրատեսիլ 2023-ը պետք է անցկացվեր Ուկրաինայում, որը դարձավ նախորդ Եվրատեսիլի հաղթողը, սակայն Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով մրցույթը որոշվեց տեղափոխել Մեծ Բրիտանիա։
Սկզբում մրցույթի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել բրիտանական երկու տասնյակ քաղաքներ, սակայն արդյունքում նրանց թիվը կրճատվել է երկուսի՝ Լիվերպուլում և Գլազգոյում։
Նախկինում Մեծ Բրիտանիան ութ անգամ ընդունել է Եվրատեսիլը, վերջինը՝ 1998 թվականին Բիրմինգհեմում։ Բայց մրցույթը երբեք չի անցկացվել ո՛չ Լիվերպուլում, ո՛չ Գլազգոյում։
Մրցույթի ընթացքում քաղաքը կգրավի հազարավոր այցելուների և կլինի ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում. ակնկալվում է, որ շոուն ուղիղ եթերում կդիտի մոտ 160 միլիոն հեռուստադիտող:
Հայտարարության նախօրեին Լիվերպուլի քաղաքային իշխանությունները հայտնել են, որ միջոցառումը կհյուրընկալեն «Ուկրաինայի անունից»: