Ծաղկաձորում տեղի ունեցավ #ChessMood շախմատի մրցաշարի մրցանակակիրների պարգեպատրման արարողությունը։ Մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի հավաքականի կազմում Համաշխարհային Օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը նվաճած Մանուել Պետրոսյանը։
«Chess Mood-ն երկրորդ տարին է անցկացվում։ Մրցաշարն այս տարի առավել հետաքրքիր անցավ։ Պայքարը շատ թեժ էր։ Մինչեւ վերջին րոպեն անհասկանալի էր, թե ով է հաղթող ճանաչվելու։ Անխոս ուրախ եմ, որ 11 երկրներից շատ գրոսմայստերներ եւ միջազգային վարպետներ էին մասնակցում։ Chess Mood-ը դարձել է շախմատային տոն ոչ միայն Հայաստանի համար, այլ նաեւ մյուս մասնակից երկրների ներկայացուցիչների։ Այսպիսի մրցաշարերը շատ կարեւոր են երկրում շախմատի զարգացման համար։
Առավել լարված ստացվեց վերջին 9-րդ տուրը: Բարդ էր հատկապես Մանուել Պետրոսյան – Շանթ Սարգսյան պարտիան։ Պայքարը թեժ էր։ Ոչ ոքին Մանուելին ապահովում էր առաջին տեղը, իսկ Շանթ Սարգսյանը ցանկանում էր հաղթել, որովհետեւ կարող էր զբաղեցնել նաեւ երկրորդ տեղը։ Մանուելը մի պահ պարտված դրություն ուներ, բայց կարողացավ հաջողությամբ ոչ ոքի ավարտել։ Առավել ուրախ եմ, որ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են մեր հարեւան երկրները՝ Վրաստանն ու Իրանը։ Ստացվեց շատ լավ բարեկամական միջոցառում մեր հարեւան երկրների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։
Մանուել Պետրոսյանը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր։ Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց իրանցի Ամիռեզա Պու Աղա Բալան։
7 միավորով երրորդ տեղը զբաղեցրել է վրացի Միխելի Մչեդիշվիլին։ Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը 6,5-ական միավորներով բաժանել են 4-6-րդ տեղերը։
Մրցաշարին մասնակցում էր 85 շախմատիստ Հայաստանից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիտվայից, Վրաստանից, Ուկրաինայից։
Լուսինե Շահբազյան