ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով՝ ArmDaily.am լրատվական կայքը, 4 տարվա գործունեությունից հետո, դադարեցրել է աշխատանքը: Կայքը փակելու մասին լուրը սեփականատերը աշխատակազմին հայտնել է երեկ տեղի ունեցած ժողովի ժամանակ: Մեզ հայտնի դարձավ, որ մինչև այդ, աշխատանքից ազատվելու դիմում էր գրել կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Մելտոնյանը, որը մինչև այդ զբաղեցնում էր «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի պաշտոնը: Կայքից դուրս գալու որոշման պատճառը, ըստ մեզ հասած լուրերի, եղել է սեփականատիրոջ հետ ունեցած տարաձայնությունը կայքի վարած քաղաքականության վերաբերյալ: Վարդուհի Մելտոնյանի հեռանալուց հետո աշխատանքից դուրս է եկել ամբողջ աշխատակազմը, արդյունքում՝ ղեկավարությունը որոշել է փակել կայքը:
Նշենք, որ ArmDaily.am-ը մինչև վերջերս պատկանում էր Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին: Նա հայտնել էր, որ այլևս ինքը չէ սեփականատերը, սակայն հարցը, թե ում է վաճառել, այդպես էլ անպատասխան էր թողել: Մամուլն այդ ժամանակ գրեց, որ ArmDaily.am-ը գնել է Ազգային ժողովրդավարական բևեռը, իսկ ավելի հստակ՝ Ժիրայր Սեֆիլյանը: Մեր տվյալներով, սակայն, որոշվել է որպես սեփականատեր ներկայացնել լրատվական դաշտի հետ որևէ առնչություն չունեցող մարդու՝ այդպիսով փորձելով փակել խոսակցությունը, թե ԱԺԲ-ն կամ Սասնա Ծռերը առնչություն ունեն լրատվամիջոցի հետ: ArmLur.am-ին հաջողվեց ճշտել, որ այդ մարդը Անի Շեկոյանն է, որն աշխատում է նորաձևության ոլորտում: Կատարվածի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար զանգահարեցինք Վարդուհի Մելտոնյանին, նա հաստատեց լուրը, որ սեփական դիմումի համաձայն ազատվել է խմբագրի պաշտոնից:
«Այո, որոշում եմ կայացրել դադարեցնել աշխատանքս ArmDaily-ում»,-ասաց Մելտոնյանը: Հարցին՝ դուրս գալու ժամանակ իմացե՞լ է արդյոք , որ կայքը փակվելու է և ի՞նչ հիմնավորում է ներկայացրել սեփականատերը ժողովի ժամանակ, Մելտոնյանն ասաց, որ իր համար ևս կայքը փակելու լուրը անակնկալ է եղել, իսկ թե ինչ է խոսվել ժողովին, տեղյակ չէ, քանի որ ներկա չի գտնվել:
Նախկին խմբագիրը հերքեց լուրը, թե կայքն ունեցել է ֆինանսական խնդիրներ, ասաց՝ աշխատավարձը միշտ ստացել են ժամանակին, ուշացում երբևէ չի եղել: Թե ո՞րն է իր հեռանալու պատճառը և ինչո՞ւ են, իր տվյալներով, որոշել դադարեցնել կայքի գործունեությունը, Մելտոնյանը հրաժարվեց պատասխանել: «Ներեցեք, այլ հարցերի չեմ ցանկանում պատասխանել»: Նա հրաժարվեց պատասխանել նաև հարցին, թե ունեցե՞լ է արդյոք կայքն առնչություն «Սասնա Ծռերի» հետ:
ArmLur.am-ը զրուցեց նաև լրագրող Արփինե Պետրոսյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում պատմեց. «Երբ տեղեկացանք, որ մեր խմբագիրը որոշել է դուրս գալ աշխատանքից, գործընկերներով ևս որոշեցինք այդպես վարվել և մեր սեփականատիրոջը տեղեկացրեցինք, որ ցանկանում ենք հանդիպել և զրուցել իր հետ։ Սակայն նա եկավ ժողովի և բոլորիս համար անակնկալ կերպով միանգամից ասաց, թե որոշել են կայքը փակել՝ առանց մեզ լսելու»,-նշեց նա:
Արփինե Պետրոսյանի խոսքով, երբեք խնդիրներ չեն եղել, և շատ զարմանալի էր կայքը փակելու որոշումը։
Սեփականատեր Անի Շեկոյանի հետ զրուցել չհաջողվեց։ ArmLur.am-ը պատրաստ է հրապարակել նաև նրա տեսակետը։